Մայիսի 3-ին, ժամը 18.42-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 2-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևից Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի մոտակայքով անցնող հեղեղատարերով հոսող անձրևաջրերը վարարել են և լցվել հարակից դաշտերը` վնասելով ցանքատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շատվան գյուղի մոտակայքում Մասրիկ գետի Նշխարուց վտակը վարարել է, ինչի հետևանքով վնասվել են մոտ 10 հա ցանքատարածություններ:

Դեպքի մասին տեղեկացվել է փոխմարզպետը, ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:

Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ քարե պատնեշի միջոցով դադարեցրել են ջրի հոսքը: