«168 ժամ»-ն իր այսօրվա առաջնորդողում մասնավորապես գրել է. «Այսպիսով, «Ժառանգության» առաջնորդ, նախագահական նտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղվանից դադարեցնում է հացադուլը: Դա, թերևս, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից վերջին 21 օրում կատարված ամենադրական քայլն էր, քանի որ հակառակ պարագան' հացադուլը մինչև ապրիլի 9-ը շարունակելը կարող էր հանգեցնել անցանկալի ու անդառնալի հետևանքների ոչ միայն անձամբ իր, այլև մեր հասարակության ու պետության համար: Այդ իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը պետք է միայն ոդջունել ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել: Դա` մարդկային հարթությունում: Ինչ վերաբերում է այս քայլի քաղաքական մասին, ապա, որքան տարօրինակ, թերևս նույնքան էլ օրինաչափ էր, որ հացադուլը դադարեցնելու վերաբերյալ Ր. Հովհաննիսյանը որևէ հիմնավորում, որևէ փաստարկ չի ներկայացրել, այն դեպքում, երբ մինչ այդ շարունակ բացառում էր որևէ նահանջ` առաջնորդվելով «միայն իր դիակի» վրայով աննախադեպ ու սարսափազդու սկզբունքով: Երեկ Ր. Հովհաննիսյանը որևէ բան չասաց այն մասին, թե ի՞նչ է փոխվել հացադուլ հայտարարելուց ի վեր, ի՞նչն է ստիպել իրեն դադարեցնել այն ակցիան, որը, ինչպես ինքն էր հայտարարում, կարող էր դադարել միայն նախագահի պաշտոնն իրեն հանձնելու դեպքում: Հացադուլը դադարեցնելու` մարդկայնորեն հասկանալի ու ողջունելի քայլն անհասկանալի է քաղաքականապես: Կամ կա ինչ-որ բան, որի մասին գիտի միայն Րաֆֆի Հովհաննիսյանը և առայժմ հարկ չի համարում կիսվել քաղաքացիների բանակի հետ: Իսկ եթե կա նման բան, ապա պարզ է, որ դա կարող է կապված լինել «իշխանությունը ժողովրդի հետ կիսելու հետ»: Այսինքն, չպետք է բացառել, որ նամակագրական հարթությունից դուրս Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի փոխզիջման է եկել, ինչի պայմաններից մեկն էլ հացադուլի դադարեցումն է:
Պատահական չէ, որ վերջին օրերին իշխանության խոսնակները շարունակ կրկնում էին, թե «գնդակը Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է»: Եթե առաջնորդվենք իշխանության սիրելի ֆուտբոլային տերմինաբանությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, այսօր «փոխանցում կատարեց»: Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանին: Մնում է սպասել` վերջինս անձա՞մբ է «գոլ խփելու», թե՞ մինչ այդ, իր հերթին, «փոխանցում է կատարելու» Րաֆֆի Հովհաննիսյանին: Անկախ ամեն ինչից, այս պահի ամենակարևոր արձանագրումն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելու է մինչև ապրիլի 9-ը: Դա, ի թիվս այլ հետևանքների, նշանակում է, որ մեծանում է ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի երդմնակալությանը մասնակցելու հավանականությունը: Ըստ ամենայնի` պատվավոր հյուրի կարգավիճակով: Ի դեպ, այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսելու է իր այցելությունները տարբեր մարզեր, այսինքն` նա գնալու է «Դեպի ապահով Հայաստան»»:
Այս թեմայով
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս


