Սեփական ծագումն ու պատմությունը թերագնահատելու փոխարեն, անհրաժեշտ է այն ուսումնասիրել: Այս դաստիարակությունը պետք է անձի ենթագիտակցության մեջ լինի ի սկզբանե: Երգչուհի Շուշան Պետրոսյանի կարծիքով շատ կարևոր հանգամանք է, երբ դու ձևավորում ես քո տեսակը և այդ դաստիարակությունը տալիս ես քո զավակին:


- Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական երգարվեստը:

- Շատ ցավոտ հարց է: Այսօր այնպես է ստացվել, որ համերգ կազմակերպում են ըստ շուկայի, ոչ թե հայեցիության չափանիշների: Իսկ շուկայում այս կամ այն երգչի «արժեքը» որոշվում է նրա լսարանի շնորհիվ: Նախկինում այլ չափանիշներ էին գործում: Հանդիսատեսը ձգտում էր նմանվել արտիստին, սովորել նրա մեղեդին, իսկ հիմա հանկարծ սկսեցին հանդիսատեսի ցանկություններին հագուրդ տալով կազմակերպել համերգներ, որտեղ այս կամ այն արտիստը հանդիսատեսի սերն է վայելում՝ անկախ իր արժեքից:

- Այսինքն, արժեքների տեղերը փոխվե՞լ են:

- Այո, եթե նախկինում բոլորը ճանաչում էին քաղաքով անցնող Տերտերյանին, սկսում էին մոտենալ և բարևել, հիմա, բացի այս կամ այն օլիգարխի կամ մեծահարուստի թիկնապահի մեքենայի համարներից, ուրիշ ոչ մի բան չեն ճանաչում: Իսկ արժեքավորել այն, ինչը պետք է ստվերում լինի՝ ծիծաղելի է: Իսկ դրա փոխարեն, այսօր ստվերում հայտնվել են տաղանդավոր արվեստագետներ: Ես տեսել եմ, թե ինչպես էր ժողովուրդը մեծարում իր մշակներին և ինձ համար շատ ցավալի է այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում:
Թելադրողը, որն անգետ է և չգիտի, որ պետք է սովորի, իմանա, պարզապես տեխնիկական կրթությունով ինչ-որ մեկն է, ով մշակույթից այդքան հեռու լինելով հանդերձ, այսօր չգիտի, թե ինչ է կատարվում շուկայում և իրեն թույլ չի տալիս անգամ հարցնել պրոֆեսիոնալների կարծիքը: Ամոթ չի, որ չգիտես ու հարցնում ես:

- Ինչքանո՞վ է նոր սերունդն այսօր կարևորում մշակույթի դերը:

- Գիտեք ինչ հաճելի է, երբ որ աշխարհով մեկ հպարտությամբ ասում ես, որ դու հայ ես և քեզ սկսում են ճանաչել, հասկանում են, որ դու այն մշակույթը կրող ազգից ես, որը «գանձեր» ունի: Եթե մենք միջնադարում թարգմանեինք Նահապետ Քուչակի բանաստեղծությունները, դրանք հավասարազոր կլինեին և կջախջախեին սալոնային գրականություն հիշեցնող Բոկաչչոյին, որի «Դեկամերոն»-ով հարուստ էին հայաստանյան գրադարանները: Երբ համեմատում ես, հասկանում ես, թե ինչ մեծ արժեք ունենք:

- Որտեղի՞ց է գալիս օտարամոլության նվիրվածությունը:

- Օտարամոլության նվիվածությունը գալիս է ընտանիքից, հետո նոր դպրոցից: Ես կարծում եմ, որ պետք է վերահսկվի, գուցե ազատությունը սահմանափակում է, բայց գիտեք, երբ որ սկսում ես կորցնել այն, ինչ ամենաարժեքավորն է, երբ որ փորձում ես ստվեր գցել այն մեծ շտեմարանի վրա, որը մեզ հասել է շատ վաղ ժամանակաշրջանից, այստեղ հասկանում ես, որ պետք է մի քիչ ավելի հետևողական լինել և ինչու չէ ազատությանը կաշկանդող պայմաններ ստեղծել:

- Հայկական երաժշտական ժառանգության պահպանման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել մեր երկրում:

- Սովետական միության ժամանակ, երբ որ շատ ավելի դժվար էր մեր մշակույթը պահպանելն ու աշխարհին ցույց տալ, կար մի հրաշալի հաղորդում՝ «Հայ երգի ակունք» անվանումով, որտեղ ներկայացվում էին ծովից ծով Հայաստանի բոլոր նահանգների երգերը: Տվյալ ժամանակահատվածում նման հաղորդում ցուցադրելն ուղղակի հերոսություն էր, որովհետև մեր մշակույթը ներկայացվում էր սովետական երաժշտության գաղափարի տակ: Այդ ամենի մեջ հանկարծ ստեղծել այդ նորարությունը, ուղղակի պետք էր շատ մեծ համարձակություն ունենալ: Այժմ մենք ունենք ինչ-որ ծրագրեր, որոնք անշուշտ գնահատելի են, բայց հաղորդումների կառուցվածքը պետք է անընդհատ փոփոխվի: Եվ վերջապես ես երազում եմ, որ ծնվեն մանթաշովներ, ովքեր կհովանավորվեն և կպահպանեն, ոչ թե մոդայիկ, այլ իսկապես արժեք ու հայկական ծագում ունեցող մշակութային գանձերը:

Պատրաստեց՝ Անի Բաղդասարյանը