2015 թվականի մայիսի 5-ին լրացավ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին տրված հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը:
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը նախորդ տարվա ամառվանից բուռն ու հանգամանալից քննարկվել է մարզպետարաններում և թաղապետարաններում, իսկ արդեն հոկտեմբերի 15-ին ներկայացվել ՀՀ նախագահին, այնուհետև` հրապարակվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայեցակարգին դրական եզրակացություն էր տվել Վենետիկի հանձնաժողովը` նշելով, որ առաջարկված բարեփոխումների նպատակները հիմնականում համապատասխանում են իր դիրքորոշումներին:
Հարկ է նկատել, որ Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, և նրանով է սահմանվում երկրի պետական կառուցվածքը, կառավարման համակարգը և իշխանության մարմինների աստիճանակարգությունը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունն, ինչպես նաև դատական համակարգը։
Մեկ բառով` Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։
Ուստի հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների կարևորությունը` երկրի հետագա զարգացման գործում, պետք էր ենթադրել, որ քաղաքական կուսակցություններն` անկախ իրենց քաղաքական հայացքներից, ամեն դեպքում պարտավոր էին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ սահմանադրական գործընթացին, որը, ինչպես ցույց տվեցին իրադարձություններն, այդպես էլ չեղավ:
Իսկ ինչ վերաբերում է ներկայացվող առաջարկներին, նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի վերաբերյալ գրավոր առաջարկներ են ներկայացրել միայն «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» և «Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը»:
Ներկայացված առաջարկները հիմնականում վերաբերում են օրենսդիր մարմինին, նրա կազմավորմանը, գործունեությանը, արդարադատության համակարգին, պետություն և պետական իշխանություն հասկացությունների հստակեցմանը, ինչպես նաև կառավարության և վարչապետի աշխատանքին:
Անդրադառնալով կուսակցությունների կողմից այդպես էլ չներկայացված ծրագրերին` փաստենք, որ սա այն դեպքն էր, երբ քաղաքական կուսակցություններն, ամեն դեպքում, պետք է վարեին ոչ թե կենտրոնախույս, այլ կենտրոնամետ քաղաքականություն` աջակցելով պետության հետագա հզորացմանն ու պետական համակարգի հետագա կառավարմանը:
Արմեն Հովասափյան-Facebook