«Առավոտն» իր այսօրվա համարում զրուցել է Ալվարդ Պետրոսյանի հետ, ում հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք. «Իր վերջին ասուլիսի ընթացքում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ռուբեն Հախվերդյանի հանրահավաքային ելույթների վերաբերյալ հարցին, հակիրճ անդրադարձ կատարեց նաև խորհրդային շրջանի իր գործունեությանը։ Ամեն դեպքում փակագծերը չբացվեցին...
Անկեղծ ասած՝ ինձ ցավ պատճառեց մեր տաղանդավոր արվեստագետներից մեկի՝ Ռուբեն Հախվերդյանի ձևակերպեւմը նախագահի անցյալ շրջանի գործունեության վերաբերյալ։ Նա արդեն իսկ պարզաբանել է, որ Գևորիկի օգնականը չի եղել, այլ Հենրիկ Պողոսյանի... Բացառիկ անհատականություն, ում հետ ես և ամուսինս շատ լուրջ բարեկամություն ենք արել։
Պողոսյանի փեսան մեր լավագույն մտավորականներից մեկն է՝ Սուրեն Հասմիկյանը, ով թույլ չի տա, որ ստեմ։ Երբ վախճանվեց Հենրիկ Պողոսյանը, ես զանգահարեցի այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Հետո Ս. Հասմիկյանն այցելեց ինձ և ասաց, որ ամբողջ արարողությունը Սերժն արեց։ Այսօրինակ իրավիճակներն են, որ բնորոշում են մարդուն։ Մեկ այլ դրվագ, այս դեպքում էլ Նաիրա Զոհրաբյանը թույլ չի տա, որ ստեմ։ Երբ Էդմոն Ավետյանի՝ մեր մեծագույն մտավորականներից մեկի տունն էր վառվել, Նաիրան այդ ժամանակ լրագրող էր՝զանգահարեց ինձ, թե՝ որևէ ձևով կարո՞ղ եմ օգնել նրան։ Եվ դարձյալ առաջին մարդը, ում դիմեցի, Սերժ Սարգսյանն էր, որ օգնեց, ամեն ինչ արեց Էդմոն Ավետյանի համար։ Այս երկու դեպքն եմ հիշում, բայց շատ բան կա հիշելու։ Նախագահը համեստ մարդ է, Հենրիկ Պողոսյանի դպրոցն է անցել։ Իսկ Հ. Պողոսյանը ռանչպարի պես էր՝ Մուշեղ Գալշոյանի, Խաչիկ Դաշտենցի...
Երբ այն տարիներին նրան հարցրի, թե ինչու ոչ Արկադի Պողոսյանին, այլ Սերժին երաշխավորեցիք Վոլսկու մոտ ուղարկելով, նա, թե՝ Սերժ Սարգսյանը շատ խելոք է, կարող է Վոլսկու հետ աշխատել։ Պատահական չէ, որ Վոլսկին մեր բարեկամը մնաց։
Ադրբեջանի ծայրամաս ասողին այս դեպքում չի կարելի ներել, քանի որ ինքը բացառիկ մտավորական ընտանիքից է և պիտի իմանար՝ հայոց պետության մի քանի իշխանապետություններ՝ Վասպուրականը, Արցախը, Լոռին միշտ ավելին են եղել, քան մնացած նախարարական տները։ Նրանք թագավորներ են ունեցել, որոնք միշտ հայոց պատմության մեջ վճռորոշ դեր են կատարել։ Իսկ այսօրինակ ձեւակերպմամբ՝ դու քո երկիրը տալիս ես...»:


