Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են սպանություն պատվիրելու մեջ: Գրում է Грузия Онлайн-ը:
Նրան մեղադրում են վրաց գործարար Ավտանդիլ Ադուաշվիլիի սպությունը պատվիրելու մեջ: 43-ամյա գործարարին սպանել են 2012 թվականի նոյեմբերին իր իսկ մեքենայում: Դեկտեմբերին այդ գործով ձերբակալեցին 6 մարդու, որոնց թվում էր նաև Սոսո Պավլիաշվիլիի քրոջ ամուսինը` Վախթանգ Չխեպելիան:
Ինչպես հայտնում է Վրաստանի դատախազությունը, վկաները Սոսո Պավլիաշվիլիին անվանել են սպանության պատվիրատու: Սակայն սպանության դրդապատճառները չեն հայտնել:
Սոսո Պավլիաշվիլին լրագրողների հետ զրույցում նշել է, որ սպանության հետ կապ չունի, իսկ Ադուաշվիլիի հետ իրենք ընկերներ են եղել:
«Մենք միասին նույն բակում ենք մեծացել: Նրա մահվան հետ իմ մեջ մահացան նաև մանկության մասին հուշերը»,- ասել է Սոսո Պավլիաշվիլին:
Ներկայումս երգիչը բնակվում է Մոսկվայում: Դեռ պարզ չի` արդյո՞ք Վրաստանի դատախազությունը կպահանջի ձերբակալել Պավլիաշվիլիին, թե ոչ:
Այս գործով դատարանի առաջին նիստը տեղի կունենա մարտի 29-ին, իսկ հաջորդը` ապրիլի 12-ին: