«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական թեկնածու Վահագն Գևորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն, այնուհանդերձ, նրան սատարող ՀՀԿ-ն գտնում է, որ «մեր տղեն էլ է»` նկատի ունենալով ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ, վերջինիս երկարամյա աշխատանքը:
Մեր տեղեկություններով, հանձնաժողովային այդ «հանգամանքն» իր «հետքն» է թողել նաև ՀՅԴ-ի որոշման վրա, Դաշնակցությունը, ըստ ամենայնի, նույնպես կաջակցի վերջինիս, քանզի Վ. Գևորգյանը եղել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի աջ ձեռքը, երբ Վահանը ղեկավարում էր մշտական այդ հանձնաժողովը: Նմանատիպ մոտեցում ունի նաև ՕԵԿ-ը, որովհետև տևական ժամանակ էլ այդ հանձնաժողովի նախագահն է եղել Մհեր Շահգելդյանը: Նույն պատճառով էլ նրան կսատարեն Երկրապահը, քանզի երկու կարկառուն գեներալները` Մանվելն ու Սեյրանը, տևական ժամանակ պաշտպանության հանձնաժողովի անդամներ են:
Չնայած, մեր տեղեկություններով, էստեղ «բազարը» դեռ գնում է. տեղեկացրեց Մանվել Գրիգորյանին մոտ կանգնած մեր աղբյուրներից մեկը, որովհետև Պալաչը` Արթուր Հարությունյանը, ևս փորձում է բանակցել երկրապահների հետ՝ որպես «իրենց տղա» իրեն սատարելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: