Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներում (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) մայիսի 8-9-ը կկազմակերպվի ակցիա՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Բոլոր այդ երկրներում ուսանող երիտասարդների հարյուրավոր զույգեր պատերազմական տարիների որևէ երգի հնչյունների ներքո կպարեն իրենց հաղթանակի վալսը:
«Հաղթանակի վալս» անվանումը կրող ակցիայի կազմակերպման նախաձեռնությամբ Հայաստանում, որպես ՀԱՊԿ համալսարանական լիգայի հիմնադիր անդամներ, հանդես են եկել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:
Ակցիան յուրօրինակ կոչ է՝ ուղղված ուսանողությանը և ընդհանրապես երիտասարդությանը՝ հավատարիմ մնալ մշակութային, պատմական, բարոյական և հոգևոր արժեքների միասնությանը ՀԱՊԿ երկրներում։
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողությանն են միացել նաև Երևանի պետական համալսարանի, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Նրանք ակցիային նախապատրաստվում են ապրիլի 10-ից՝ մասնակցելով պարի դասընթացների: «Պարահրապարակում»՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տարածքում նրանք «Հաղթանակի վալսը» կպարեն «Կապույտ թաշկինակ» («Синий платочек») և «Ах, эти тучи в голубом» հայտնի երգերի երաժշտության ներքո: Խորհրդանշական է, որ Հայաստանում ակցիային մասնակցելու է 35 պարային զույգ. 70 ուսանող՝ Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին:
Ուսանողները մարմնավորելու են Մեծ հայրենականի հերոսներին` ստեղծելով պատմական միջավայր: Իսկ ակցիան նվիրելու են ոչ միայն Մեծ հայրենականի, այլև հայ ժողովրդի մայիսյան փառավոր հաղթանակները կերտած բոլոր հերոսների հիշատակին: