Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
Տարեցտարի մեր հաղթանակաները ժամանակային իմաստով անցյալ են դառնում, սակայն տարեցտարի դրանք ավելի են արժեւորվում եւ ուղղորդում դեպի նոր հաղթանակներ:
Շուշիի ազատագրումը հայկական ռազմարվեստի եւ հոգեւոր կարողությունների համադրման ծնունդ էր, ինչը նշանակում է, որ զենքով հաղթելու, հայրենիքն ազատագրելու եւ պաշտպանելու համար մշտապես պետք է հարուստ ու հզոր պահենք մեր ներսում եղած հայրենիքը՝ մեր ներաշխարհը: Բոլոր ժամանակների մեր հաղթանակները՝ թե՛ Հայկի ու Տիգրան Մեծի ժամանակներում, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Արցախյան ազատամարտի ժամանակ ծնվել են՝ այդ ամենը մեր բազկի ուժի հետ միասնական գործադրելով:
Հաղթանակները, ազատության ձեռքբերումը նշանակում են մեր կամքի, արժեքների եւ հայրենիքի հանդեպ սիրո հաղթարշավ: Ազատությունը ոչ ոք չի նվիրում, այն ձեռք է բերվում, նվաճվում, շատ հաճախ նաեւ կյանքի գնով: Այդպես էր եւ 70 տարի առաջ, երբ մեր նախնիների հերոսական մասնակցությամբ կերտվեց հաղթանակը գերմանական ֆաշիզմի հանդեպ, այդպես էր նաեւ ավելի քան 20 տարի առաջ, երբ մեր սերնդակիցների ձեռամբ Շուշին ազատագրվեց ադրբեջանական ֆաշիզմից: Ժամանակը հսկայական իշխանություն ունի, բայց դա անսահմանափակ չէ, որովհետեւ զիջում է մարդկային հիշողությանը: Մենք երբեք չենք մոռանում տարբեր ժամանակներում եւ տարբեր ճակատամարտերում մարտնչած, հաղթանակներ կռած զինվորին, ազատամարտիկին ու կամավորին:
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հաղթանակներ կերտում ենք առանց խաղաղության կամ որեւէ մեկի ազատության դեմ ոտնձգության, որովհետեւ մեր պատմության էջերի շնորհիվ շատ լավ գիտենք ե՛ւ խաղաղության, ե՛ւ ազատության գինը: Ազատությունն ու խաղաղությունը կարելի է կորցնել ոչ միայն պատերազմում կամ ճակատամարտում պարտվելով, այլեւ պարբերաբար տեղապտույտի մեջ գտնվելով, դրանով իսկ մոտենալով կորստյան սահմանագծին: Շուշիի հաղթանակը, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը մեզ պարտավորեցնում եւ պարտադրում են ձգտել ու հասնել նոր հաղթանակների եւ ոչ միայն ռազմի դաշտում: Պարտադրում եւ պարտավորեցնում են ոչ միայն մշտապես առաջ շարժվել, այլեւ դա անել միասին ու համերաշխ:
Մայիսյան հաղթանակների առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան ազատամարտի վետերաններին, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող մեր զինվորներին եւ մաղթել նրանց առողջություն, լավատեսություն ու բարօրություն: Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին ու երկրին»: