Յուրաքանչյուր հաղթանակի պարգևած ուղղակի առարկայական արդյունքներից բացի՝ հաղթանակները մեկ այլ, ոչ պակաս կարևոր, բայց արդեն անուղղակի խորհուրդ ևս ունեն՝ դրանց՝ ըստ արժանվույնի գնահատումը, անպայման նաև տոնումը:
Այս հանգամանքը կարևոր է մի կողմից հաղթած ժողովրդի ոգին մշտապես բարձր պահելու, նրան նոր հաղթանակների նախապատրաստելու, իսկ հայերիս տեսանկյունից հատկապես հաղթողի հոգեբանությունը վերականգնելու առումով, մյուս կողմից՝ հանուն իր ժողովրդի ու հայրենիքի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի՝ բացառիկը, անվերականգնելին սեփական կյանքը նվիրած հերոսների հիշատակը հավերժացնելու, նրանց օրինակով նոր սերունդներին դաստիարակելու գործում:
Վերոնշյալի համատեքստում մայիս ամիսն ու տարբեր ժամանակաշրջաններում մեր ժողովրդի ունեցած մայիսյան հաղթանակների ուղղակի արդյունքն, առանց չափազանցության, հայ ժողովրդի և Հայաստանի գոյությունն է, իսկ անուղղակին՝ ակնկալվող նոր հաղթանակները, որ դեռ պետք է ունենանք և՛ մեր հայրենիքի ներկա սահմաններից դուրս, և՛ Հայաստանի ներսում՝ մեր երկիրը հզորացնելու, ուժեղ ու նվիրյալ սերունդ դաստիարակելու գործում…
Շնորհավո՜ր Եռատոնդ, հայ ժողովուրդ, քեզ նորանոր հաղթանակներ, բայց արդեն մտավոր, ստեղծագործ, աշխատասեր ներուժիդ գործադրմամբ…
Փառք ու պատիվ Մայիսյան հաղթանակները կերտած, հավերժ հիշատակ դրանց համար իրենց կյանքը նվիրած մեր Հերոսներին:
Արմեն Պետրոսյան