Ներոն կայսրը ապիկար պետական գործիչ էր, անտաղանդ՝ բանաստեղծ, թույլ՝ տղամարդ, երբ երգում էր բոլորը զզվանք էին ապրում: Նա ասպարեզից հեռացրել էր բոլոր ընդդիմախոսներին և իրեն շրջապատել էր կեղծավոր մարդկանցով, ովքեր աստավածացնում էին նրա փառքը, հուզվում նրա բանաստեղծական գլուխգործոցների ներքո և այլն:
Ի վերջո կայսրը անփառունակ վախճան ունեցավ և հենց այդ շրջապատի անմիջական մասնակցությամբ: (Գրառման համար առավելապես հիմք է հանդիսացել Հ. Սենկեվիչի գեղարվեստականացված Ներոնի կերպարը):
Մի՞թե ընդդիմադիր գործիչները դպրոցական տարիներին չեն կարդացել այս գիրքը, որը առաջին հայացքից է դպրոցական, ինչպես՝ Չիպոլինոն, Մաուգլին, Գուլիվերը և այլն:
Մի՞թե չեն հասկանում, որ ժամանակին վանելով բոլոր քննադատներին, իրենց շրջապատել են կեղծ փարիսեցիներով, որոնք չեն դադարում գոռալ. հերո՜ս, հերո՜ս, դու մեր փրկի՜չ: Այս ամենի արդյունքում գործիչները կորցնում են զգոնությունը, արագ մանիպուլյացվում են և դառնում հեշտ կառավարելի ու որպես կանոն դեպի հաղթանակը մեկ քայլ մոտենալու փոխարեն, տաս քայլ հեռանում են և դրա մասին գլխի էլ չեն ընկնում, քանի որ ականջների մեջ չի դադարում զնգզնգալ «հերո՜ս» արտահայտությունը:
Իսկ հանուն ընդհանուր գաղափարի քննադատները, միգուցե նաև ճիշտ ուղղություն տվողները դավաճան են, վաճառված, վախկոտ, ԿԳԲ-ի ստրուկ և այսպես շարունակ:
Կարպիս Փաշոյան