«Օրինաց երկիր» կուսակցությունը բոլորել է 18 տարին: Պատանեկության և ավելի վաղ շրջաններում ՕԵԿ-ի ու նրա առաջնորդի մոտ պարբերաբար նկատվել են պոպուլիզմի մեծ ու փոքր ժայթքումներ, որոնք բռնկվել են հատկապես նախընտրական շրջաններում: Եղել են նաև հանգստի պահեր, երբ ՕԵԿ-ի հրաբուխը «լուռ ու համբերատար» ծխել է. այդ ընթացքում առաջնորդը պաշտոններ է զբաղեցրել՝ ԱԺ նախագահ, ԱԱԽՔ և այլն:
Հիմա արդեն «հրաբուխը» երկրային կապանքներից ազատվել է ու կրկին տրվել է պոպուլիզմի ժայթքումներին: Հյուրընկալվելով իր սեփական հեռուստաալիքի «Իրական հայացք» ծրագրին, Արթուր Բաղդասարյանը սկսել է քննադատել կառավարության սոցիալական քաղաքականությունը, օրինաստեղծ գործունեությունը: Ճգնաժամի պայմաններում, որն ավելի քան պայմանավորված է նաև արտաքին գործոններով, իհարկե, կան կուտակված խնդիրներ, որոնց մասին կառավարությունը ոչ միայն բարձրաձայնում է, այլև ուղիներ է փնտրում հաղթահարելու, տնտեսությունը կայունացնելու համար:
ՕԵԿ առաջնորդին, սակայն, առավել հուզում է էմոցիոնալ կողմը. ինչ ասի, որ հավելյալ դիվիդենտներ շահի: Հավանաբար, նորահայտ երիտասարդ տաքսիստի «համբավը» մտահոգել է Արթուր Բաղդասարյանին ու նա կրկին իր պոպուլիստական տարերքի մեջ է. «… տաքսիստները բողոքում են, բա էդ մարդը ճիշտ ա ասում, ոնց տաքսոմետր առնի, տիրոջը փող տա, ավտոն սարքի ..»:
Պարզվում է, որ Արթուր Բաղդասարյանի երազած Օրինաց երկրում տաքսիստներն աշխատելու են առանց հաշվիչների, խանութներն՝ առանց վաճառողների, գուցե կուսակցություններն էլ՝ առանց առաջնորների՞ … Բայց շարունակենք … - «… օդաչուների չվճարված աշխատավարձերը ինչու չեն վճարում…» - «արագաչափերի տուգանքները համարժեք չեն», - «կարմիր գծերի փողերը ուր են գնում …» և այսպես շարունակ:
Հիշեցնենք, սակայն, որ թվարկված վերջին երեք խնդիրները ներկա կառավարության օրոք չեն առաջացել, մինչդեռ ՕԵԿ առաջնորդը պետական կարևոր պաշտոն էր զբաղեցնում ազգային անվտանգության խորհրդում: Արթուր Բաղդասարյանն այդ հաղորդման ընթացքում հեղինակել է նաև մի «նոու հաու». Հայաստանում հարկերի իջեցման համոզված կողմնակից լինելով, կարծում է, որ հարկերի նվազեցումը կբերի բյուջեի ավելացման:
Հ.Գ. Բանակում տարածված հայտնի կանոնի համաձայն, ժամանակը չէ արդյոք ՕԵԿ առաջնորդին նշանակել հարկային տեսչության պետ. և պետական բյուջեն առատորեն կլցվի, և ՕԵԿ-ի պոպուլիզմի հրաբուխը ժամանակավոր կհանդարտվի:
Վաչագան Գևորգյան-Facebook