«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում չէ: Մեր տեղեկություններով, Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ, և իրավապահներն ստիպված եղան գործ հարուցել դեպքի առթիվ, մարզպետը որդուն «փախցրել» է երկրից: Մինչ նախաքննական մարմինը, հավանաբար հաշվի առնելով Տիգրան Խաչատրյանի «օրինավոր քաղաքացի» լինելու հանգամանքը, ծանուցագիր էր ուղարկել նրան՝ որպես վկա հարցաքննելու, և ձեռքերը ծալած սպասում էր նրա ներկայանալուն, երիտասարդը հասցրել է հեռանալ: Երեկ արդեն լուր տարածվեց, որ դատախազը ցուցում է տվել ծանուցագրով չներկայացած վկաներին բերման ենթարկելու մասին:

Մեր տեղեկություններով, գործով հսկող դատախազին նման հանձնարարություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ասում են՝ նրա համբերության բաժակը լցվել է. տեսնելով, որ դեպքից 7 օր անց աղմկահարույց միջադեպով ոչինչ չի արվում, նախաքննական մարմինը չի ցանկանում վատամարդ լինել մարզպետի մոտ, հանձնարարել է նրա որդուն բերման ենթարկել: Առհասարակ, ծանուցումով հարցաքննության չներկայացած վկաների հանդեպ նախաքննական մարմինը պարտավոր է ինքնուրույն կայացնել բերման ենթարկելու որոշում:

Առայժմ անհայտ է՝ մարզպետի տղային բերման ենթարկելու որոշումը կայացվել է, թե ոչ: Եթե այո, ապա ոստիկանները պետք է այցելեն Տիգրան Խաչատրյանի բնակության վայր, որպեսզի նրան բերման ենթարկեն: Մեր տեղեկություններով, իրավապահները տեղյակ են, որ նա Հայաստանում չէ, և այժմ որոնում են, թե որտեղ է, կամ գուցե համոզում են գալ և ներկայանալ նախաքննական մարմնին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: