«Ռեալ Մադրիդն» իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է՝ Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարուց հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ «Ռեալ» իսպաներեն նշանակում է արքայական․ակումբն այս անվանումը ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից՝ 1920թ․-ին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 32 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային տասը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։
Ակումբն իր խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու մարզադաշտում։
2000 թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ՝ Չեմպիոնների Լիգա տասը գավաթներով և ՈՒԵՖԱ-ի երկու գավաթներով։
1897 թվականին ստեղծվեց Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծվամ պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը։
Ռեալի վերելքը կարելի է համարել 1950-ական թվականները։ Այդ ժամանակից սկսած թիմը 5 տարի շարունակ հաղթող ճանաչվեց հեղինակավոր այդ առաջնությունում։ Եվրոպական հաջողություններին զուգընթաց՝ ակումբը նաև անպարտելի էր Իսպանիայի ներքին առաջնությունում,1954-ից մինչև 1969 թթ-ը նրանք 12 անգամ չեմպիոն ճանաչվեցին երկրում։ Ռեալը 15 տարի անընդմեջ իրավունք ստացավ հանդես գալ Չեմպիոնների Լիգայում։ Առաջին անգամը, երբ նրանց չհաջողվեց մասնակցել Լիգային, եղավ 1970 թ-ին։ Ռեալի անպարտելի կազմում այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրոպայի լավագույն խաղացողները՝ Ալֆրեդո դի Ստեֆանո (Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը 1957, 1959), ֆրանսիացի Ռայմոն Կոպան (1958 թվականի Ոսկե գնդակի դափնեկիր), հունգար Ֆերենց Պուշկաշը (1960 թվականի երկրորդ տեղ զբաղեցրած Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ), Ֆրանսիսկո Հենտոն։ 1960-ական թվականներին թիմ տեղափոխվեցին Խոսե Սանտամարիան, Ամանսիոն, Պիրին։ Երբ այս լեգենդար խաղացողները ավարտեցին իրենց կարիերան, Ռեալը կամաց-կամաց սկսեց զիջել իր դերքերը Եվրոպական ասպարեզում։
Հաջորդ վերելքին ակումբի երկրպագուները ստիպված էին սպասել 20 տարի, երբ գլխավորությամբ Էմիլիո Բուտրագենիոյի թիմ եկան ՝ Միչելը, Ուգո Սանչեսը, Մանոլո Սանչեսը, Մարտին Վասկեսը և Միգել Պարդեսան։ Նրանք հաղթեցին անընդմեջ ՈՒԵՖԱ-ի գավաթը (1984-ից 1986թթ) և 5 անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայում 7-րդ հաղթանակի հիմքը դրեց իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով ակումբ հրավիրեց Ռոբերտո Կառլոսին, Զեեդորֆին, Միյատովիչին, Շուկերին, Պանուչիին։ Այս խաղացոցները Ռաուլի, Հիերրոյի, Ֆերնանդո Ռեդոնդոյի, Կանիսարեսի հետ միասին կազմեցին թիմի կորիզը և արդեն նոր մարզչի՝ գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորությամբ 1997/98թթ. մրցաշրջանում հաղթող ճանաչվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։ Սակայն Պրիմերայում այդ տարի թիմը գրավեց 4-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում և Հայնկեսը հրաժարական տվեց։ Նրան փոխարինեց հոլանդացի Գուս Հիդինգը։ Հոլանդացին երկար ժամանակ չմարզեց Արքայական ակումբը, նա Մադրիդում մնաց մինչև 1999 թվականի փետրվար ամիսը։
Հիդինգի հեռանալուց հետո թիմն սկսեց մարզել ուելսցի մասնագետ Ջոն Թոշակը, ում հեռացրին ակումբից այդ տարվա նոյեմբերին։ Թիմը վստահեցին իսպանացի Վիսենտե Դել Բոսկեին, ով իր ֆուտբոլային կարիերայի մեծամասնությունը անցկացրել էր Ռեալում։ Դել Բոսկեն Իսպանիայի առաջնությունում այդքան էլ հոջողություններ չունեցավ, 8-րդ հորիզոնականից թիմը բարձրացավ 5-րդ հորիզոնականը։ Սակայն Արքայական ակումբին բերեց իր թվով 8-րդ չեմպիոնությունը Չեմպիոնների Լիգայում։ Ակումբի նոր նախագահ ընտրվեց Ֆլորենտինո Պերեսը, ով որոշեց ակումբում հավաքել ֆուտբոլային «Աստղերի»։ Առաջին ձեռք բերումը եղավ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ով թիմ տեղափոխվեց Ռեալի դարավոր մրցակից Բարսելոնայից, ռեկորդային 71 մլն եվրոյով։ Մեկ տարի անց ակումբ եկավ ֆրանսիացի Զինեդին Զիդանը, էլ ավելի մեծ տրանսֆերային գումարով՝ 75 մլն եվրոյով։ Եվս մեկ տարի անց Մադրիդ եկան Ռոնալդոն, 2003 թվականի ամռանը Բեքհեմը, 2004 թ-ին՝ Օուենը։ Այդպիսով 2004/05 թթ մրցաշրջանում միևնույն ակումբում խաղում էին միանգամից 4 ֆուտբոլիստներ, ովքեր «Ոսկե գնդակի» դափնեկիրներ էին՝ Ռոնալդո (1997 և 2002 Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ), Զինեդին Զիդան (1998), Լուիշ Ֆիգու (2000), Մայքլ Օուեն (2001 թ.)։ «Աստղերի» այդ բույլը սկսեցին անվանել «Գալակտիկոս»։ Պերեսի 5 տարի ղեկավարելու ժամանակահատվածում Արքայական ակումբը երկու անգամ հաղթող ճանաչվեց Պրիմերայում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում։
Ֆլորենտինո Պերեսի հեռանալուց հետո ակումբի նոր նախագահ ընտրվեց Ռամոն Կալդերոնը։ Նոր ղեկավարի գործելաոճը տարբերվում էր նախորդից։ Նա թիմ հրավիրեց Պրեդրագ Միատովիչին, որն էլ նշանակվեց սպորտային տնօրենի պաշտոնում, նա մնաց մինչև 2009 թվականը։ Կալդերոնի նպատակը չէր հավաքել ակումբում աստղերի, չնայած իր նախընտրական քարոզարշավում խոստանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը նրա մոտ չստացվեց։ Սակայն թիմը հաղթեց 2007 թվականին Լա Լիգան։ Իսկ 2008 -ին արքայական ակումբը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը։ Ռամոնի ղեկավարման տարիներին ակումբից հեռացան Ռոբերտո Կառլոսը, Բեքհեմը, Ռոբինիոն, Ռոնալդոն։ 2009-ին Կալդերոնը հրաժարական տվեց, կապված մեծ աղմուկ հանած 2006-ի ընտրությունների կեղծելու մեջ։ Նրա 4 տարիների ղեկավարման ընթացքում Ռեալը երկու անգամ չեմպիոն դարձավ Իսպանիայում։
2009-ի հունիսի 1-ին Պերեսը նորից ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը, ի դեպ առանց քվեարկության, քանի որ նրա բոլոր մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը ընտրություններում։Նա սկսեց նոր «Գալակտիկոսի» ստեղծումը։ Առաջին քայլը, որ նա կատարեց դա Զինեդին Զիդանին իրեն խորհրդականի պաշտոնում նշանակելը եղավ։ Հունիսի 9-ին երկար բանակցություններից հետո Պերեսը ձեռք բերեց իտալական «Միլանից» բրազիլացի կիսապաշտպան Կակային 68 մլն եվրոյով,[5] իսկ հետո գնեց մեկ այլ ոսկե գնդակի դափնեկրի՝ Կրիշտիանու Ռոնալդույին Մանչեսթեր Յունայթեդից ռեկորդային £80 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված էր 6 տարի ժամկետով։ Հետո եկան Ռաուլ Ալբիոլը («Վալենսիայից» 15 մլն եվրո), Արբելոան և Ալոնսոն (երկուսն էլ «Լիվերպուլից», համապատասխանաբար 4 և 30 մլն եվրո), Բենզեման (Լիոնից 35 մլն եվրո)։ Չնայած այդ ձեռքբերումներին՝ ակումբը այդպես էլ չկարողացավ ոչ մի լուրջ մրցանակ նվաճել։ 2009-10 մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը՝ առաջ թողնելով «Բարսելոնային», այն դեպքում, երբ Սուպերկլասիկոյի երկու հանդիպումներում էլ նրանք պարտվեցին «Բարսային»։ Չեմպիոնների Լիգայում նույնպես անհաջող հանդես եկան և 1/8 եզրափակիչիից ստիպված եղան հրաժեշտ տալ առաջնությանը։ Իսկ Իսպանիայի գավաթում նրանք արդեն իսկ առաջին տուրում պարտվեցին երկրի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկորիկոնին»։
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Նոր սկսվող մրցաշրջանից առաջ Պերեսը իր նախորդ ձեռքբերումների համեմատ ավելի համեստ գտնվեց, նա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսեց 70 մլն եվրո և թիմ տեղափոխվեցին փորձառու պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կառվալյուն, իսպանացիներ՝ Պեդրո Լեոնը և Սերխիո Կանալեսը, գերմանացիներ՝ Մեսուտ Օզիլը և Սամի Խեդիրան, արգենտինացի Անխել Դի Մարիան։ Սակայն ակումբից հեռացավ վերջին 20 տարիների խորհրդանիշ Ռաուլ Գոնսալեսը, ով տեղափոխվեց գերմանական «Շալկե-04»։
Լա Լիգայի 2011–12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը հաղթեց լիգան՝ 32-րդ անգամ նվաճելով տիտղոսը և դառնալով ռեկորդակիր Լա Լիգայի բոլոր ժամանակների պատմության մեջ՝ մրցաշրջանը ավարտելով ռեկորդային 100 միավորով, խփեց ռեկորդային 121 գոլ և խփած բաց թողած գոլերով ստացավ +89 ցուցանիշը, և ևս մեկ ռեկորդ 16 անգամ հյուրընկալվելիս հաղթանակ և ընդանուր 32 հաղթանակ Լա Լիգայում։[8] Նույն մրցաշրջանում, Կրիշտիանու Ռոնալդուն անցավ 100 գոլի սահմանը իսպանական լիգաներում։[9][10] Իսկ երբ Ռոնալդուն անցավ 101 գոլի սահմանները՝ 92 խաղում, նա անցավ լեգենդար Ֆերենց Պուշկաշի արդյունքը, որը սահմանել էր 100 գոլ 105 խաղում։ 2012-2013 խաղաշրջանում թիմին են միացել Մայքլ Էսսիենն ու Լուկա Մոդրիչը։ Լուկա Մոդրիչը Ռեալ է տեղափոխվել Տոտենհեմից, տրանսֆերի արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, իսկ Մայքլ Էսսիենը վարձավճարով տեղափոխվել է Լոնդոնի Չելսիից։ Սակայն դա էլ չօգնեց, որպեսզի նվաճեն երկրի չեմպիոնական տիտղոսը, բայց կարողացան հաղթել Սուպերգավաթը։ Իսկ Իսպանիայի գավաթում մեկ քայլ էր բաժանում գավաթը նվաճելուց, սակայն ավելացրած ժամանակում պարտվեցին Ատլետիկո Մադրիդին 2-1 հաշվով (վերջին անգամ Ատլետները Ռեալին հաղթել էին 14-տարի առաջ), Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր մրցաշրջանի վերջում Մոուրինյոյի հրաժարակնի մասին։Մոուրինյոն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի Չելսի ակումբ, այդ թիմը մարզել էր նաև 2004-ից 2007 թվականներին։
2013 թվականի հունիսի 25-ին, Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին, կնքելով երեք տարվա պայմանագիր։ Օրեր անց, նա Ռեալում առաջին մամլո ասուլիսում նշեց որ, Զինեդին Զիդանը և Փոլ Կլեմենտը պետք է լինեն նրա օգնականները։ Նույն տարում Ռեալն իրականացրեց մի քանի կարևոր տրանսֆերներ։ Նախ, թիմին միացավ Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլը, ռեկորդային՝ 100 միլիոն € գումարի դիմաց, այնուհետև թիմից հեռացավ Մեզութ Օզիլը՝ 47 միլիոն €-ի դիմաց տեղափոխվելով Արսենալ։ Անչելոտին միանգամից կարողացավ դրականորեն փոխել թիմի խաղը, որի արդյունքը եղավ մրցաշրջանի ավարտին նվաճված երկու գավաթները։ Չնայած այն բանին, որ 2013-14 մրցաշրջանում թիմը Լա Լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, այնուամենայնիվ նախքան այդ կարողացել էր դառնալ Իսպանիայի գավաթակիր՝ եզրափակչում Գարեթ Բեյլի հաղթական գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթելով Բարսելոնային։ 2014 թվականի մայիսի 24-ին, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռեալը հանդիպեց Ատլետիկո Մադրիդի հետ և ավելացրած ժամանակով հաղթեց 4-1 հաշվով։ Այսպիսով, Մադրիդի Ռեալը 12 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, որը իր համար տասներրորդն էր (La Décima)։