ՀՀԿ անդամ Արթուր Հարությունյանը կարգապահական խախտման համար հեռացվել է կուսակցությունից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Արթուր Հարությունյանը հեռացվել է կուսակցությունից կարգապահական խախտում թույլ տալու համար»,- նշեց Թադևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն ունի համապատասխան որոշում, թե որ թեկնածուին է սատարելու: ՀՀԿ-ն այդ ընտրություններում կսատարի անկուսակցական, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանին, ով արդեն առաջադրել է իր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:
Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել նաև Արթուր Հարությունյանը (Պալաչ), ինչպես նաև անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Աբովյանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ Կարապետ Գուլոյանը կառավարության որոշմամբ նշանակվեց Կոտայքի մարզպետ: