«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մայիսի 17-ին` այս կիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի շուրջ 22 համայնքներում պետք է տեղի ունենա հանրաքվե` նվիրված համայնքների խոշորացմանը: Գյուղացիները «այո» կամ «ոչ» պետք է ասեն իրենց համայանքները ուրիշ` միջինը թվով յոթ այլ համայնքների հետ միավորելու և մեկ համայնք ստեղծելու առաջարկին:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում ծրագրին:

Նշենք, որ համայնքների խոշորացումը, սակայն, ունի նաև ֆինանսական կողմ` միջազգային կառույցները խոստացել են դրա համար դրամաշնորհներ հատկացնել:

Նախարարից փորձեցինք պարզել, թե ինչ չափի դրամաշնորհի մասին է խոսքը, ինչին Երիցյանը պատասխանեց. «Դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, մի քանի միլիոն դոլար, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով»:

Թերթի հետ զրույցում նախարարը նաև նշել է. «Ես՝ որպես հայ տղամարդ, թասիբ ունեմ, այնպես չէ, որ մի սուտ որոշում կայացրեցին, Երիցյան Արմենն էլ գնաց դա կատարելու: Երկրի նախագահն էլ թույլ չի տա, որ ինչ-որ մի ծրագիր իրականացնենք, որն արդյունավետ չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: