ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 45-ամյա տղամարդու՝ Ա.Պարսամյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը և դատաբժիշկը զննությամբ դիակի վրա հայտնաբերել էին կտրած-ծակած վերք՝ կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա:
Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 26-ամյա Ա.Ազատյանը 2014 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր տանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն «եզո» անվանելու հարցի շուրջ վիճաբանել է հարևան, 45-ամյա Ա. Պարսամյանի հետ, որի ընթացքում վերջինիս, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնի ձախ շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: