«Մենք վեց ու կես տարի ապրել ենք առանց լույսի` քարի դարում: Այդ ժամանակ էր, երբ նույնիսկ շատ երեխաներ չծնվեցին: Եվ հիմա մեր երկրի էներգետիկ վիճակը ցուց է տալիս, որ մեզ կրկին սպասվում են մոմի լույսի տակ անցկացնելու օրերը: Այդ հեռանկարն եմ տեսնում ես Հայաստանի համար: Շատ կուզեմ սխալվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա այս ամենի պատճառը սխալ քաղաքականությունն է, քանի որ նա տնտեսական-քաղաքական համագործակցություն չի տեսնում:
Հանդիպման բանախոսներից էր նաև Էներգետիկայի քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը: Նրա խոսքով. «Էներգիայի թանկացման խնդիրն առաջին անգամ արտացոլվել է դեռ 2014 թվականից և շարունակական բնույթ է կրելու: Էներգետիկայի նախարարի խոսքով գնի բարձրացումը հիմնավորված է, սակայն որքանով է արդարացված, դա այլ խնդիր է»:
Բանախոսի խոսքով, հնարավոր է զսպել էներգիայի գնի բարձրացումը` հատուկ մշակված ծրագրի միջոցով: Սակայն այդպիսի ծրագիր դեռ չկա:
Արմեն Պետրոսյանը համամիտ չէր այն կարծիքին, թե գնի բարձրացումը լիարժեքորեն հիմնավորված և արդարացված է: Նրա կարծիքով, բնակչությունը պետք է ինքնակազմավորման քայլերի դիմի, մինչև ցույցեր:
YerevanNews.am-ի այն հարցին, թե որն էր Ատոմակայանի աշխատանքները երկարաձգելու նպատակը, և արդյո՞ք անվտանգությունն ապահովված է: Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Ատոմակայանը պետք է փակվեր դեռ 2014 թվականին, սակայն երկարաձգեցին մինչև այսօր: Վերանորոգումը իրականացվելու է 2018 թվականին, ավարտվելու` 2026 թվականին: Իսկ թե ինչ ավարտ կունենա, դժվարանում եմ պատասխանել, իհարկե բացասական իմաստով եմ ավարտը ասում»: