Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գլխավոր հարցը, որին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում, գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումն է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, որ վերականգնման կամ վերաձևակերպման է ենթակա 1 մլրդ 331 մլն 100 հազար դրամի խախտման փաստ: Տեսչության աշխատանքի արդյունքում այդ գումարից վերականգնվել է ավելի քան 720 մլն 500 հազար դրամ և վերաձևակերպվել ավելի քան 20 մլն դրամ: Կառավարությունը պետական կառավարման մարմիններին հանձնարարել է ձեռնարկել թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ՝ դրանց մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը: