Բելառուսի՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ դառնալը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի առաջին դրական արդյունքն է:
Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ Բելառուսի Հանրապետությունը մայիսի 14-ին դարձավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ:
«Իհարկե, մենք ևս կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների այն կարծիքը, որ կա բարեփոխումների անհրաժեշտություն, կան խնդիրներ: Այն պարտավորությունները, որ ստանձնել է բելառուսական կողմը, պետք է կյանքի կոչվեն: Հուսամ, որ երբևէ չի բարձրացվի Բելառուսին եվրոպական բարձրագույն կրթական համակարգից հեռացնելու հարցը, և իրենք կիրականացնեն այն պարտավորությունները, որոնց համար կա նաև համապատասխան որոշում», –ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ համաժողովի ավարտին՝ մայիսի 15-ին երկու կարևոր միջոցառումների մասնակիցները կընդունեն երևանյան հռչակագիրը: