Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակներ: 20 երկիր ներկայացել է նախարարների մակարդակով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով և ողջունել է ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին: Նա իր խոսքում ընդգծել է հատկապես գիտելիքի անփոխարինելիության փաստը.
«Միակ արժեքը, որ չեն կարողացել խլել մեզանից, եղել է գիտելիքը, հարյուրամյակներով ձեռք բերված հոգևոր եւ մշակութային ժառանգութունը: Եվ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերը փրկել են գրքերը եւ մենք այսօր ունենք Մատենադարան: Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը»:
Միջոցառման բացման հանդիսավոր նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից՝ Ա. Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է և բացառիկ նախագիծ, որը միավորում է 47 եվրոպական երկիր, և, որ այս նախագծի էությունը միայն կրթական չէ, այլ նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար:
Երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ մայրաքաղաք Երևանը Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք:
«Առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա››,- հավաստիացրել է Արմեն Աշոտյանը:
Նա հայտարարել է, որ Բելառուսի հանրապետությունը Բոլոնիայի գործընթացի անդամակցության հայտ է ներկայացրել և առաջարկել է հաստատել հայտը: Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ՝ նշելով, որ Բոլոնիայի անդամ պետությունները պետք է գրավոր հավաստիացում ստանան, որ Բելառուսը պատրաստ է անդամակցությանը և ստանձնած պարտավորությունների կատարմանը: Աշոտյանն առաջարկել է ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը ներկայացնի անդամակցության հստակ ճանապարհային քարտեզ և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը վերահսկվի անդամ պետությունների կողմից: Առաջարկն ընդունվել է և Բելառուսը դարձել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած 48-րդ պետությունը:
Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի անկյունաքարը ԵԲԿՏ-ի, ՄԱՀԱԱՍ-ի եւ սահմանակից երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն է: Ֆորումն ուղղված է նաև կառուցվածքային բարեփոխումների դերի բարձրացմանը, շարժունության սխեմաների եւ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան