Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» թիմը, որում ընգրկված են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:
Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտները և ենթասպաների դպրոցը:
Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաև 2015թ. ծրագրերի և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: Այս նպատակով անցկացվել է շահագրգիռ հաստատությունների ներգրավմամբ լիագումար կազմով աշխատաժողով և կազմակերպվել են միջազգային փորձագիտական խմբի այցեր ռազմական կրթօջախներ:
Մայիսի 12-ին և 13-ին կայացած աշխատաժողովում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումները: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա:
Մայիսի 13-ին կազմակերպվեցին միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ կայացան հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների, ինչպես նաև սպայական ու սերժանտական կազմի հետ: Հանդիպումների ժամանակ հայկական կողմը ներկայացրեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման փիլիսիփայության վերաբերյալ` մտասևեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:
Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ:
Հանդիպման ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին, համաձայնեցվեցին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության 2015թ. և հետագա կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակցության համար: