Երեկ և այսօր Երևանում ընթացող Եվրոպական կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու քաղաքական ֆորումը (500 պատվիրակներ 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից, 20 նախարարների մասնակցությամբ) կրկին հաստատեցին, որ եվրոպական կրթական համակեցությանը և կրթագիտական արժեքներին մեր ակտիվ լծորդումն այլևս իրողություն է, ինչը Հանրապետությունում ընթացող կրթական բարեփոխումների համատեքստում հայ ուսանողների առջև կրթական առաջընթացի նոր հորիզոններ կբացի:
Նախարար Ա. Աշոտյանի գործողությունները և հայտարարությունները հաստատում են, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Հայաստանը ոչ միայն կրթական փոփոխությունների կրավորական հարթակ է, այլև իր կարևոր ներդրումն ունի այդ տարածքում կրթական նոր փիլիսոփայության կայացման և զարգացման գործում:
Այս առումով, անկասկած, երիցս ճշմարիտ է նախարարի այն մոտեցումը, որ այս համաժողովը և նրա մշակած հարացույցում քննարկվող խնդիրները կարևոր են նաև քաղաքակրթական արժեքների դիտանկյունից: Սա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական համակեցական արժեքներին՝ իր հերթին լինելով այդ արժեքներն արարող մշակութային երկիր: Հետևաբար, նախարարի այս դիտարկումը հաստատում է, որ մեծ և փոքր հակամարտությունների դարաշրջանում ժողովուրդների միջև կրթական, մշակութային, համամարդկային արժեքներից բխող երկխոսությունը շատ ավելի բարձր վերազգային իրողություն է, քան թե քաղաքական չոր հաշվարկները: Հարկավ, Եվրոպական կրթական տարածքում ուսանողների շարժունությունը և մշակութային փոխներգործությունը կխորացնեն ոչ միայն տարբեր սոցիալական խմբերի, այլև ազգերի փոխադարձ համակրանքը, ինչը շատ ավելի կարևոր է ու արդիական:
Հ. Գ. Հուսանք, որ ՀՀ ԿԳՆ-ը կշարունակի նման խոշոր միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, հատկապես, որ նման միջոցառումները դուրս են գալիս զուտ կրթական սահմաններից և դառնում պետականության ամրապնդման և զարգացման կարևոր գործիքներից մեկը:
Գագիկ Համբարյան