Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև վերջին տարիներին ձևավորված փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ:
Քաղաքապետն առանձնակի կարևորել է Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը ցուցաբերվող մշտական աջակցությունն ու ասոցիացիայի կողմից ֆինանսավորված ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել Երևանի N 48 և 78 հիմնական դպրոցներում, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանում, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում, Ղ. Սարյանի անվ. արվեստի, ինչպես նաև N 119 ավագ դպրոցներում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երևանի քաղաքապետարանը, լինելով Ֆրանկոֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությանը։ Ամեն տարի Երևանում իսկապես մեծ շուքով է նշվում ֆրանկոֆոնիայի միամսյակը, հատկապես քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատություններում, և ես վստահ եմ, որ ձևավորված համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենաք առաջիկայում նորանոր ոլորտներ ընդգրկել ու զարգացնել՝ ապահովելով արդյունավետ ծրագրերի շարունակականությունը», - ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված փոխգործակցությունը` նշել է, որ այն արդյունավետ է, հաջողված ու հեռանկարային:
Հանդիպման շրջանակում հաստատվել է առաջիկայում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու ծրագիրը: