Ոստիկանությունը պարզել է, որ մեր երկրի տարածք է ներկրվում «Սփայս» անվամբ համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական թմրամիջոցը: Նման նյութերի ստեղծմամբ և ներմուծմամբ փորձ է արվում շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները:
Սինթեզվում են այնպիսի նյութեր, որոնք մարդու օրգանիզմի վրա ունենում են հոգեակտիվ ներգործություն, սակայն դուրս են օրենքով և իրավական ակտերով նախատեսված հսկվող և արգելվող նյութերի ցանկերից:
Դեռևս 12 տարի առաջ կառավարությունը ոստիկանության առաջարկով կազմել է այդպիսի ցանկ և արգելել հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառությունը Հայաստանում: Անցել են տարիներ, իսկ նման բիզնեսով զբաղվող մարդիկ ստեղծում են նորանոր նյութեր և դրանց պրեկուրսորներ և շարունակում իրենց «սև» բիզնեսը: Երեկվա որոշմամբ կառավարությունը նոր սերնդի «Սփայս» թմրամիջոցն ու դրա տարատեսակներն ընդգրկել է հսկման ենթակա թմրամիջոցների ցուցակում:
Այս խնդիրը հրատապ է նաև այլ երկրներում: Ռուսաստանում, օրինակ, ոչ միայն մի ամբողջ շարք այդպիսի նյութեր են մտցվել հսկվող ցուցակ, այլև այդ ցանկը մշտապես վերանայվում ու համալրվում է նոր ի հայտ եկած նյութերի անվանումներով:
Համանման մոտեցում է ցուցաբերվում Բելառուսում, Ղազախստանում, ՈՒկրաինայում և այլ երկրներում:
Այսպիսով, որոշման կատարմամբ հնարավոր կլինի կանխել, նախականխել և բացահայտել Հայաստան ապօրինի ներկրվող դիզայներական և այլ ծխախոտային խառնուրդները, որոնց հոգեկան և ֆիզիկական թմրաազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի և ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությանը:
Տիգրանուհի Դավթյան