Այսօր ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ դերասան Խորեն Աբրահամյանը կդառնար 83 տարեկան:
Նա ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն)։ 1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Խորեն Աբրահամյանը Գյումրիում էր` պետական թատրոնի դերասան էր ու միաժամանակ գլխավոր ռեժիսորը:
Խորեն Աբրահամյանի թատերական լավագույն դերերից են Ռուստամը (Ա.Շիրվանզադեի «Նամուս»), Արմենը (Գ.Բորյանի «Կամրջի վրա»), Արամը (Ա.Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արան (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կորիոլանը (Վ.Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյանը (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։
Մեծ դերասանը հաջողություններ ունեցավ նաև կինոյում: Չենք կարող չնշել, որ հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.) և այլն:
Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի է նաև իր յուրօրինակ ասմունքող։
Մեծ դերասանը մեզանից հեռացավ 2004թ.-ի դեկտեմբերի 10-ին` 74 տարեկան հասակում: Խորեն Աբրահամյանը թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։