Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:
Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը, նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների զորախմբերը, ստուգումների պլանի համաձայն, սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել և տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:
Նման վարժանքները սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:
Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: