Այս տարին տարբերվում է նախորդներից, քանի որ գտնվում ենք կարևորագույն փուլում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ըստ Հասմիկ Պողոսյանի այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցն է, և մշակույթն այդ առումով կարևոր նշանակություն ունի, նախարարության աշխատանքի ծավալները կրկնապատկվեցին, կարելի է ասել՝ նաև եռապատկվեցին, և այդ ուղղությամբ ծրագրերը սկսել են իրականացվել դեռ անցած տարվա աշնանից:
«Մշակույթի նախարարության հիմքերի հիմքում օրենսդրական դաշտն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկման են դրված թանգարանների, հուշարձանների մասին օրենքները, ինչպես նաև կինոյի մասին օրենքը՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ:
«Երրորդ ուղղությունը նոտաների թվայնացումն է, ինչը հիմնականում օպերային թատրոնում պահվող նոտաներին է վերաբերում»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով նախարարության գերակա ուղղություններին՝ մշակույթի նախարարն ասաց, որ անցած տարի այն եղել է երգչախմբային արվեստը, իսկ 2015 թվականին թատերական արվեստն է: Նա ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են երգչախմբային արվեստում և նշեց, որ լուրջ գիտական աշխատություններ են հրատարակվել Կոմիտասի մասին: Ինչ վերաբերում է թատերական արվեստին, ապա այս գերակա ուղղության շրջանակում լայանածավալ աշխատանքներ են նախատեսված:
Հասմիկ Պողոսյանը հատկանշական համարեց լավաշի ներառումը ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, և հայտնեց, որ նոր հայտ են ներկայացրել՝ ազգային քոչարի պարը ևս ներառելու համար:
«Նախարարության ցավոտ խնդիրը մշակութային ենթակառուցվածքների հարցն է և դրանք հիմնականում ստեղծվել են խորհրդային տարիներին, և դժվար է լուծել ադ խնիրները սուղ ֆինանսական պայմաններում, թեև հատուկ ուշադրություն կա դրանց նկատմամբ»:
Ըստ նախարարի արդեն կառուցվել է Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ- թանգարանի նոր մասնաշենքը, կան երկու նոր նախագծեր, զուգահեռաբար ընդլայնվում են այն թանգարանները, որոնք գոյություն ունեն, բացվելու է Համո Սահյանի տուն թանգարանը: «Զուգահեռաբար ընդլայնվում է նաև մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը»,-ասաց նա: