«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ քառօրյային խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի մասին ու նշեց, որ դրանում մեղքի բաժին ունեն նաև իշխանությունները:

«Հիշում եք, որ ես շրջանառության մեջ էի դրել հայտարարության նախագիծ, որը վերաբերում էր այն ժամանակ Սյունիքի նախկին մարզպետի կատարած ծանր հանցագործություններին, որ նա դատապարտված է եղել: Դուք այդ նախաձեռնությունը չդրեցիք շրջանառության մեջ: Հիմա նորից նրա որդին ընդգրկված է վիճաբանության մեջ, որի հետևանքով մեկ երիտասարդ կորցրել է աչքը, մյուսն էլ առողջական խնդիրներ ունի: Կարծում եմ՝ այս մեղքի բաժնի մի մասը նաև դուք եք կրում»,-ասաց նա և նշեց, թե Սուրիկ Խաչատրյանին համապատասխան պատժամիջոց տալու փոխարեն վերանշանակեցին, և այդ պաշտոնավարման հետևանքով նա դարձել է հասարակության համար սպառնալիք:

«Հիմա չեք պատրաստվո՞ւմ այդ նախագիծը օրենքով դնել շրջանառության մեջ»,-հարցրեց նա:

Գալուստ Սահակյանը ասաց, որ դա ԱԺ-ի քննարկման հարց չէ և նշեց, թե առաջիկայում հաշվետվությամբ հանդես է գալու ՀՀ գլխավոր դատախազը, ում էլ կարող են այդ հարցերն ուղղել:

«Ինչ վերաբերում է այդ երևույթներին, որ շրջանառվում է, կարծում եմ, որ բոլորն էլ դատապարտում են, եթե հանցակազմ կա, պարզապես պետք է հանցագործը պատժվի»,-ասաց նա:

Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը հորդորեց Փոստանջյանին կոռեկտ լինել:

«Մեր որոշ գործընկերներ իրենց ամենայն հայոց դատավորի տեղն են դրել և անվայել արտահայտություններ են անում Սյունիքի մարզպետի հասցեին: Խնդրում ենք ձեր մտքի գոհարները չարտահայտել այստեղ»,-ասաց նա: