«Հայաստանի ձայնը» նախագծում Մերի Մնջոյանի հաղթանակի մասին esyes.am-ն արդեն պատմել է իր ընթերցողներին ու ներկայացրել երգչուհու հետ զրույցը: Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկ տարածվել էր այն նյութը, որ ժյուրիի կազմից Արտո Թունչբոյաջյանը բացասական է արձագանքել Մերիի հաղթանակին և հայտնել այն կարծիքը, որ նա, վաղ թե ուշ, ռեստորանում է երգելու:

 

 

Մերիի արձագանքն այս խոսքերին արդեն ներկայացրել ենք, այժմ ներկայացնում ենք նաև պարզաբանումը Արտո Թունչբոյաջյանից: Պարզվում է` նրա խոսքերը թյուրըմբռնման առիթ են դարձել. Արտոյի հետ հարցազրույցն արվել է մինչ «Հայաստանի ձայնի» եզրափակիչը և ճիշտ չէ  լրատվամիջոցների տարածած այն  տեղեկատվություն, թե Մաշայի հաղթանակը չի ուրախացրել Արտոյին: 

«Առաջին հերթին հաղթանակից հետո ինձնից ոչ ոք հարցազրույց չի վերցրել: Ո՞վ է ասել, թե ինձ չի ուրախացրել Մաշայի հաղթանակը: Ես նման բան չեմ ասել: Ես ոչ ոքի հասցեին նման բան չեմ ասել: Մենք մեր մտքերն ենք ասում, որոնք սխալ ուղղորդելով ուրիշ տեղ են տանում: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է գրել այն, ինչ ուզում է, բայց դա դեռ չի նշամակում, որ ես նման բան ասել եմ: Կյանքում շատ կարևոր է, որ 4 բան մաքուր լինեն` մամուլը, entertainment-ը՝ ժամանցը, կրթությունն ու կառավարությունը: Երբ սրանցից մեկը կեղտոտվում է, ժողովրդին սխալ ուղղություն է տալիս:

 

 

Ես Մերիի հասցեին որևէ  բան չեմ ասել. ես չեմ ասել Մերին գնալու է ռեստորանում երգի: Էդ երեխու համար էլ էր անակնկալ, իբր ես նման բան եմ ասել: Ես ամեն անգամ սրտացավ եմ եղել Մերիի հանդեպ ու հարցրել` նոր բան փորձե՞լ ես. իմ խորհուրդները տվել եմ եթերում, բայց դա մոնտաժ են արել: Ես ասել եմ` եթե ես քոփի անեի Ռուբեն Մաթևոսյանին, ես այսօր Արտո Թունչբոյաջյանը չէի լինի: Ռուբեն Մաթևոսյանն էլի կերգեր Օպերայում` որպես հանրաճանաչ երգիչ, ես` ինչ-որ ռեստորանում Ռուբեն Մաթևոսյանի քոփին երգող Արտոն կլինեի: Մի անգամ  ժյուրիի անդամներն ինձ ասացին, թե երգս մոնոտոն է, ես էլ ասում եմ` ես այդ նորության համար եմ գրեմմի ստացել: Միշտ բոլորին ասել եմ` քոփի մի արեք, քոփի անողների ճակատագիրը միշտ լինում է այն, որ ինչ-որ ռեստորանում են երգում, Ձերը ներկայացրեք: Ես ասում եմ, որ չեմ ուզում, որ այդպիսի տաղանդը ռեստորանում երգի, ուզում եմ կարողանա դրսի շուկա դուրս գալ: Քրիստինա Ագիլերայի երգը նույն ձևով երգողին դրսում ասելու են` սա արդեն լսել ենք: Ես չեմ ասել, որ Մերի Մնջոյանը ռեստորանում է երգելու, ընդհակառակը, ասել եմ, որ չեմ ուզում, որ էդպիսի տաղանդը ռեստորանը տանի»,- esyes.am-ին ասաց Արտոն:

 

 

Արտոյի պրոդյուսերից տեղեկացանք նաև, որ հաղթանակից հետո չեն հասցրել շնորհավորել Մաշային: «Իրենք հավաքվել էին, նշել են, մեզ ոչինչ չեն ասել հավաքվելու մասին»,- ասաց Արտոյի պրոդյուսերը` Արտակը: