Երբ պարբերաբար փորձում են շահույթի հարցը լուծել եկամուտները բարձրացնելով, նշանակում է անարդյունավետ կառավարում է իրականացվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր կարծիքով կիսվեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին հայտի ներկայացմանը:
«Արդյունավետ կառավարումն առաջին հերթին ծախսերի նվազեցում է ենթադրում: Որ ՀԷՑ-ում ծախսերն ուռճացված են, ակնհայտ է: Երկրորդ՝ ցանկացած պետության մեջ, երբ բնական մենաշնորհներն ունենում են արդյունավետության խնդիր, կարող ենք ասել, որ պետությունն ունի արդյունավետության խնդիր: Պետության մեջ առաջացել է և արդեն քանի տարի է շարունակվում է, դեպի բյուջե դրամական հոսքերի նվազում: Դրա ուղղակի ցուցանիշներից մեկը էներգակիրների սպառման նվազումն է: Կառավարման մեջ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի ոլորտում, եթե սակագինը հասցվում է այն մակարդակի, որից հետո սպառումն իջնում է, ապա անթույլատրելի է այլևս բարձրացնելը»,- ասաց նա:
Հարություն Մեսրոբյանն ընդգծեց, որ սակագնի ցանկացած բարձրացում է՛լ ավելի կնպաստի սպառման նվազմանը:
«Սպառման նվազումը նշանակում է, որ տնտեսությունը մոտենում է կոլապսի, որովհետև նշանակում է քիչ ապրանք է արտադրվելու, քիչ ծառայություն է մատուցվելու, իսկ դա նշանակում է, որ հարվածն ընդունելու են ներքին արտադրողները, սա էլ նշանակում է, որ արտահանումն է՛լ ավելի է նվազելու, սա իր հերթին նշանակում է՝ առևտրային սալդոն կլինի է՛լ ավելի բացասական: Այս ամենի հետևանքով Հայաստանն է՛լ ավելի շատ կարիք կունենա արտարժույթի: Այսինքն` սա մի շղթա է, որը պետական համակարգի արդյունավետ կառավարման «փայլուն» դրսևորում է»,- ասաց նա:
Նա նշեց, որ էլեկտրամատակարարման ոլորտում Հայաստանն ունի 12.7 տոկոսի կորուստ: