Ալյուրի հարստացման ռազմավարությունը բնակչության առողջության ծրագրերից մեկն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Միկրոէլեմենտների բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության, և որ պետք է առանձնացնել՝ մոր և մանկան առողջության վրա: Մենք ունենք 24 տոկոս անեմիայի տարածվածություն: Ալյուրի հարստացումը մի նպատակ է հետապնդում՝ բարելավել բնակչության առողջությունը»,-ասաց Գայանե Ավագյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանն ասաց, որ ալյուրի հարստացմանը դեմ խոսողներն ասում են, թե շատ երկրներ ընդունել են որոշումը, սակայն տարիների ընթացքում հրաժարվել են կիրառել:
«Դա բացարձակ հերյուրանք և սուտ է: Այլ բան է, որ համապատասխան հնարավորություններ չունի, որ լայնորեն կիրառի այն: Ռուսաստանի օրինակն են հաճախ բերում: ՌԴ-ն այսօր ալյուրը հարստացնում է ոչ օրենսդրորեն և ոչ մասշտաբային»,-ասաց Հրայր Ասլանյանը: