Վերջերս հասարակության լայն շրջանակներում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ էլէկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը: Քննարկումները ընթանում էին ինչպես բնակչության, փորձագետների, այնպես էլ ԱԺ շրջանակներում: Որպես հնարավոր թանկացման հիմնական պատճառ է նշվում «ՀԷՑ» կուտակված պարտքերը, որոնք խնդիրներ են առաջացնում դեռևս վաղուց: 

«Անդրադարձը կլինի խիստ ցավագին, որովհետև ինքնին նման չափով բարձրացումը կբերի տնտեսությունում ինֆլյացիայի, գնաճի՝ ամենատարբեր ոլորտներում, որը հատկապես հասարակության անապահով շերտի համար ցավագին հետևանքներ կունենա»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը:

- Ինչ վերաբերվում է բարձրացման հիմնավորվածությանը, ես հետևել եմ Ազգային Ժողովի որոշ քննարկումներին, որոնց արդյունքում պետք է տրվեին շատ հարցերի պատասխաններ: Ես կարծում եմ, որ լսումները լուրջ խթան կարող են հանդիսանալ, որոնք էլ կպարզորոշեն այդ չափերի բարձրացման իսկական հիմնավորվածությունը:

Վստահություն չի ներշնչում այս միջոցով կորուստները, կուտակված պարտքերը փակելը: Կորուստներն իջեցնելու այլ հնարավորություններ էլ կան: Իսկ կուտակված պարտքերը վատ մենեջմենթի հետևանք են և հատկապես մասնավոր բիզնեսում:

Այստեղ խնդիրներ կան, որ պետք է լուրջ քննության առարկա դառնան և նոր լուծումներ առաջարկվեն: Իսկ վատ կառավարման համակարգերի հետ կապված այլ լուծումներ շատ կան: