Այսօր «Ելակետ» ակումբի հյուրն էր Երևանի ավագանու անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Լրագրողների հետ զրույցում նա կիսվեց վերջին զանգի պատկերացումներով:
-Վերջին զանգը ամեն երիտասարդի կյանքում իսկապես շատ մեծ արարողություն է, այն հայտարարում է պատանեկության շրջանի փակումը և հաջորդ փուլի բացումը: Ինչ ձևով էլ այն անցկացվի, եթե դու էդ օրը կարևորվել ու գնահատվել ես, քեզ բարեմաղթանքներով թևեր են տվել, ուրեմն այդ օրը չի մոռացվի: Էդ թևերի պիտի առաջին հերթին տա ընտանիքը, դպրոցը, շրջապատը: Այս օրը պիտի պատշաճ կերպով նշվի:
Ո՞ր վերջին զանգը ձեռնտու և հաճելի կլինի և՛ շրջանավարտի, և՛ ծնողի, և՛ դպրոցի համար:
-Շրջանավարտը պիտի ստանա էն մոտիվացիան, որ հավատա, որ ինքը կարող է հասնել բարձունքների ու որակյալ կրթություն ստանա, հավատ ր ուժերին: Վերջին զանգը պիտի գաղափար ունենա՝ շրջանավարտին թև տալու գաղափար: Դպրոցը, որը այդ գաղափարն է առաջ տանում, գտնում է տարբերակներ, բառեր՝ ոգևորելու համար իր աշակերտներին: Սակայն երբեմն այդ գաղափարի պատկերացումները կախված են քաղքենիության աստիճաններից: Շատ դպրոցներ դա տեսնում են միայն փուչիկների , ծաղիկների, ռեստորանների մեջ:
-Երբ ես դպրոցի տնօրեն էի, իմ շրջանավարտներից յուրաքանչյուրը այդ օրը ունենում էր հավաստագիր, և այդ հավաստագրի մեջ հատկապես իրեն հատուկ գծերն էի գրում, մաղթում էի այն, ինչ գիտեի՝ ինքը հենց դրան է ձգտում, կամ հակառակը: Եվ դա աշակերտին ոգևորում է, և դեպքեր են եղել, որ իսկապես համոզվել եմ, թե ինչ կարևոր է պատանուն այդ օրը գեղեցիկ ճանապարհը:
Տիկին Բախշյանը, Ռիչարդ Բախի «Ջանաթան Լիվինգսթոն ճայը» էսսեյի օրինակը հիշելով, ասաց.
-Պիտի մարդուն սովորեցնես ընթացքին հակառակ գնալ: Լիվինգսթոնն ասում էր, որ ինքը երկար թռիչքներ պիտի անի ու ապացուցեց, որ կարող է: Այ սա է պետք սովորեցնել շրջանավարտին, նրան ճանապարհելուց առաջ:
Դրամահավաքին վերաբերող հարցին տիկին Բախշյանը պատասխանեց.
-Ցանկացած դրամահավաք կոռուպցիա է: Բայց կան ատրիբուտներ, ինչպես «վինետկան», որը գեղեցիկ երևույթ է, և սրա համար ծնողը ներդրում է անում, ուղղակի դպրոցի տնօրենը այդտեղ չպետք է «փայ մտնի» :