2004 թվականի նոյեմբերի տասնմեկին Ֆրանսիայում իր մահկանացուն կնքեց Պաղեստինյան Ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթը: Պաղեստինի ղեկավարի հետ վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Երևանից Կահիրե մեկնեց ՀՀ պաշտոնական պատվիրակությունն՝ Ազգային Ժողովի նախագահի գլխավորությամբ: Այդ արարողությունը պիտի անցկացվեր Կահիրեում, իսկ այնուհետև ամենահայտնի պաղեստինցու աճյունն ուղղաթիռով ծրագրվում էր տեղափոխել Գազա՝ Պաղեստինի Ինքնավարության տարածքում հուղարկավորելու համար:
Արտառոցն այն էր, որ արարողակարգային միջոցառումներին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում պաշտոնապես նաև ես էի ընդգրկված՝ որպես ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ: Թե՛ այս փաստը, թե՛ ՀՀ պատվիրակության մասնակցությունը հրաժեշտի արարողությանն աննկատ անցան, սակայն այդ ընթացքում մի զավեշտալի դեպք պատահեց, որի մասին և ուզում եմ պատմել:
Երբ մեր նախագահական ТУ-134 համեստ օդանավը վայրէջք կատարեց Կահիրեի հսկա օդանավակայանում, պարզվեց, որ ժամանող բազմաթիվ պատվիրակություններին սպասարկող ծառայությունները չեն հասցնում կատարել իրենց գործը, ինչի արդյունքում մեզ օդանավասանդուղք չտրամադրվեց: Մեկուկես-երկու ժամ մնացինք օդանավի մեջ փակված: Այդ ընթացքում վայրէջք կատարեց ու անմիջապես մեր կողքին կայանեց թուրքական պաշտոնական պատվիրակության երկհարկանի հսկա Ջամբո Բոինգ օդանավը: Թուրքերի Բոինգին ևս տանտերերն օդանավասանդուղք չմոտեցրեցին: Այդպես կողք կողքի կանգնած՝ ոխերիմ հարևաններով միմյանց էինք նայում ու քմծիծաղում մեր ընդհանուր ճակատագրի վրա: Միաժամանակ նաև մտմտում էինք, թե ինչպես կարելի է դուրս պրծնել այս անհեթեթ ծուղակից ու կատարել այն առաքելությունը, որի համար ժամանել էինք:
Խոստովանեմ, որ սա այն դեպքերից էր, երբ փոքր լինելն առավելություն տվեց. մեր անձնակազմի անդամներից մեկը հաջողացրեց ու մեր կողքով անցնող օդանավակայանի տեխնիկական սպասարկման աշխատակցին համոզեց, որ վերջինս իր փոքրիկ շարժական աստիճանը մոտեցնի մեր օդանավին ու տեղադրի մուտքերից մեկի մոտ: Թեև այդ աստիճանը ցածրիկ էր, ու ցատկելով պատկառելի տարածություն էր անհրաժեշտ հաղթահարել, մեր պատվիրակությունն անձնազոհաբար դիմեց օդանավն այդ երերուն աստիճանի միջոցով լքելու տարբերակին:
Թուրքերն ուշի-ուշով մեզ էին հետևում իրենց հսկա օդանավից, բայց չափերի տարբերության պատճառով նույն միջոցին դիմելու հնարավորությունից անհուսորեն զրկված էին՝ ստիպված էին լինելու շատ բարձրից ցատկել: Ի նշան հրաժեշտի՝ թուրքերին սիրալիր ձեռքով արեցինք ու գնացինք մեր գործին: Արդյունքում ՀՀ-ԼՂՀ համատեղ պաշտոնական պատվիրակությունն իրեն վստահված առաքելությունը բարեհաջող կատարեց: Իսկ առակս այն կցուցանե, որ միջպետական հարաբերություններում չափերն, անշուշտ, նշանակություն ունեն, սակայն մեծ չափը միշտ չէ, որ առավելություն է:
Արման Մելիքյան