ՀՀ Սյունիքի մարզի Լծեն համայնքում վերջին անգամ երեխա ծնվել է 4 տարի առաջ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է համայնքապետ Հրահատ Նիկալյանից: «Մի քանի օր առաջ մի երիտասարդ զույգի ամուսնացրինք, հույս ունենք, որ այս տարի գոնե մի երեխա կծնվի: Ծառայությունից երեք տղա է վերադարձել, իրենք են մեր հույսը»,-լրացրել է համայնքապետը: Գյուղում այս պահին ապրում է 60 հոգի, իսկ դպրոցի աշակերտների թիվը 6 է: «Մի քանի տարի առաջ մոտ 200 բնակիչ ունեինք, և այդ շրջանում դպրոցում սովորում էր 34 աշակերտ, իսկ նախադպրոցականների թիվը կազմում էր 36-37: Երիտասարդ ընտանիքներ էլ կային, իրենցից յուրաքանչյուրի համար մի գործ հարմարեցրել էինք, մի քանիսին գյուղապետարանում, դպրոցում, բայց հենց օպտիմալացումը սկսվեց, կրճատումներ եղան, ու մարդիկ անգործությունից լքեցին գյուղը: Ո՞ւմ կարող ես պահել: Ավելի քան 30 ընտանիք դուրս եկավ գյուղից ու հիմնականում երեք երեխայի տեր»,-հիասթափված ներկայացրել է գյուղապետը: Լծենում ընդամենը երեք ընտանիք է «Փարոս» համակարգից օգտվում: «Անասնագլխաքանակը սարսափելի կրճատվել է: Մեր միակ մխիթարանքը մեր հրաշք բնությունն է: Շատ զբոսաշրջիկներ են գալիս-գնում, բայց ափսոս, որ գյուղն արդեն կործանման եզրին է: Եթե էսպես շարունակվեց, ես էլ իմ ճամպրուկները կհավաքեմ»,- հուսահատված նկատել է համայնքապետը: