ԱԺ նախագահի Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ուսումնական տարվա ավարտի առթիվ:
Դպրոցներում այսօր հնչող վերջին զանգը ձեզ նախապատրաստում է մի ճանապարհորդության, որի բարեհաջող ընթացքը կախված է նախևառաջ ձեզնից: Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների և դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի և վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, և, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ:
Այն ժամանակաշրջանը, որ դուք անցկացրել եք դպրոցում, ներկայիս ձեր ապրած կյանքի մի զգալի հատվածն է, որ սկսել եք առաջին պահից հախուռն ընթացքով, բայց եզրափակում եք ավելի հասուն ու գիտակից, նպատակասլաց և ապագային միտված քայլերով, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքով: Դպրոցի կնիքն ու դրոշմը դուք կրում եք ամբողջ կյանքում՝ ձեր գիտելիքների և դաստիարակության ցուցադրությամբ, որպես քաղաքացի դրանք ներդնելով հասարակական ու պետական կյանքում, քաղաքական ու տնտեսական գործընթացներում:
Ձեր արժանապատիվ պահվածքն ու աշխատանքը լինելու են ձեր երախտագիտությունն ու երբևիցե չակնկալվող շնորհակալությունը դպրոցին և ուսուցիչներին, ձեր ընտանիքին, որոնք ձեզ կրթելով ու դաստիարակելով՝ ձեզ են փոխանցել ապագայի պատասխանատվությունը, միաժամանակ, չզլանալով ձեզ հետ կիսել այն: Մաղթում եմ, որ ողջ կյանքում պատվով կրեք այդ պատասխանատվությունը՝ խաղաղ և բարեկեցիկ հայրենիքին, ժողովրդին, ընտանիքին ծառայելու չմարող ցանկությամբ»: