Վերջին զանգ. պատանու կյանքում շրջադարձը խորհրդանշող իրադարձություն: Կարծում եմ, որ հենց այսօր է հարկավոր մի շատ կարևոր, արդիական հարցադրում անել. ի՞նչ արժեքներով սերունդ է կյանք մտնում: Տոնական օրը նաև խորհելու տեղիք պետք է տա: Որպես դասավանդող ուսուցիչ՝ վատատես չեմ, լավ սերունդ ունենք, բայց մտահոգվելու շատ – շատ պատճառներ ունենք:
Այստեղ կանդրադառնամ այդ պատճառներից երկուսին:
Առաջին. արդյո՞ք նոր սերնդի ընկալումներում կաշառք տալը ընկալվում է որպես արատավոր մի բան: Ցավոք՝ կաշառք տալով հարց լուծելը կենցաղի մշակույթ է դարձել մեզանում: Այն այսօր մեր պետականության զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Հակակոռուպցիոն հարյուրավոր ծրագրեր են իրականցկացվել այս տարիներին, ու ու՞ր է արդյունքը, կա՞ արդյոք մեզանում այդ հակակոռուպցիոն մշակույթը: Ո՛չ չկա: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա շրջանավարտն էլ է փորձելու իր հարցերը լուծել կաշառք տալով, կաշառքին «մաղարիչ», «շնորհակալություն» անվանել, ու ամենավտանգավորը՝ սկզբունքայնությունը «հարիֆություն» համարել:
Երկրորդ՝ ու՞մ են ցանկանում նմանվել մեր պատանիները, ու՞մ են նրանք համարում ուժի մարմնավորում: Իհարկե ֆորմալ առումով մենք որպես կրկնօրինակման արժանի կերպար մատուցում ենք մեր երեկվա ու այսօրվա հերոսներին, ու ճիշտ ենք անում, որովհետև ցանկացած պետություն պետք է ունենա իր արժեքային համակարգը ու այն կրող քաղաքացիական հասարակություն ձևավորի:
Բայց՝ զուգահեռաբար մեզանում այդ նույն պատերազմի հերոսին մարմնավորողներից մեկին՝ Սեյրան Օհանյանին մի ինչ որ ճղճիմ մեկը կարող է հրապարակավ հեշտ ու հանգիստ վիրավորել, զրպարտել ու անվանարկել նրա կնոջը ու անպատիժ մնալ: Այսինքն ստացվում է այնպես, որ մեր հասարակությունում բարոյական տաբուներ չկան, պաշտպանվող արժեքներ չկան, ամենաթողություն է, ով ուզի՝ կարող է ոտնատակ տալ այն նույն արժեքները, որոնք մենք դպրոցում մատուցում ենք որպես վեհ ու նվիրական:
Չէ՞ որ Սեյրան Օհանյանը ոչ թե լոկ պետական պաշտոնյա է, այլ պատերազմում վիրավորված հերոս, մեկը ով մարմնավորում է կամավորականների այն տեսակը, ովքեր հանուն ընդհանուրի, ազգային շահի գնացին անձնազոհության: Ու պետք չէ զարմանալ, որ այսքանից հետո պատանու ընկալումներում ավելի մեծ արժեք ներկայացնի մականունավորը: Չէ՞ որ պատանին տեսնում է, որ այդ մականունավորին վիրավորողը պատժվում է փողոցի կանոններով, տեսնում է, որ այդ մականունը, քրեական կյանքով ապրած լինելը չի խանգարում յուղոտ պաշտոն զբաղեցնելու համար, դեռ ընդհակառակը՝ նպաստում է:
Այս ամենով հանդերձ՝ կրկնում եմ վատատես չեմ: Հույսս այն պատանիներն են, ովքեր վստահ են, որ կարող են ինչ որ բան փոխել մեր երկրում, ովքեր վիրավորվում են, երբ լսում են թե «երկիրը երկիր չի», ովքեր պատրաստ են սահման գնալ ու կռվել թուրքի դեմ: Անցյալ օգոստոսին տեսանք, որ այդպիսիններն էլ կան ու քիչ չեն: Ուրեմն՝ ապագա ունենք:
Տարոն Ղազարյան՝ ֆեյսբուք