«Թվիթեր»-ի օգտատերերը մի շարք անձնական, այդ թվում նաև, ռասիստական բնույթի վիրավորական մեկնաբանություններ են թողել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան էջում: Վերջինիս անվանել են «կապիկ» և խորհուրդ տվել ինքնասպան լինել:
«Երբ նախագահ Օբաման երկուշաբթի օրը «Թվիթեր»-ում կատարեց առաջին գրառումը, գտնվելով Օվալ կաբինետում, «Սպիտակ տունը», մեծ աղմուկ հանելով, հայտարարեց այդ մասին՝ տեղադրելով մի լուսանկար, որտեղ վերջինս նստած է սեղանի մոտ և իր «iPhone»-ով գրում է հաղորդագրություն»- հայտնում է «New York Times»-ը:
«Պահանջվեց միայն մի քանի րոպե, որպեսզի նրա էջում հայտնվեն ռասիստական բնույթի մեկնաբանություններ, որոնք լցված էին ատելությամբ ու չարությամբ: Նրան անվանել են կապիկ, և նկարներից մեկում նույնիսկ պատկերել պարանոցին հագցված օղակով»:
Պարբերականը հայտնում է նաև, որ «առանձնահատուկ հաղորդագրություններ ու մեկնաբանություններ» թողած օգտատերերին արդեն այցելել են «Հատուկ ծառայության» աշխատակիցները՝ պարզաբանումներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Օբաման «Թվիթեր»-ի օգտատեր է դարձել մայիսի 18-ին՝ սահմանելով հետևորդներ հավաքելու ռեկորդ: Նրանց թիվն արդեն անցնում է 2,5 միլիոնը: Այս փաստը գրանցվել է «Գինես»-ի ռեկորդների գրքում: