Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել հաջողություններ կյանքի հետագա փուլերում:
Վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության բոլոր շրջանավարտներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Այս օրը ձեզ համար շաղախված է թե՛բերկրանքով, թե՛ հրաժեշտի ծանրությամբ: Բերկրանք, որ հաջողությամբ անցնում եք կյանքի առավել պատասխանատու մի փուլ՝ լեցուն նորանոր վերելքներով ու մարտահրավերներով: Հրաժեշտի ծանրություն, քանզի լսում եք ձեր պատանեկան անաղարտ երազանքների ու հույզերի վերջին զանգը, հրաժեշտ եք տալիս ձեզ հարազատ դարձած կրթօջախներին և ուսուցիչներին:
Այս պահը հուզումնառատ է, առավել՝ ուրախալի. չէ՞ որ պատրաստվում եք նոր նավարկության՝ դեպի հասուն նպատակների ու որոշումների հորձանուտ: Ուստի, կոչ եմ անում ձեզ՝ ամենայն վճռականությամբ ու ցնծությամբ ոտք դնել կյանքի հաջորդ փուլի շեմին»: