YerevanNews.am-ը միանում է «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» ակցիային: Ակցիայի շրջանակում մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00-ն կայքը չի թարմացվի:

Ակցիայի նախաձեռնողները կոչ են անում մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչև 23:00-ն հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից՝ որպես բողոքի նշան էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 40 տոկոսով՝ 1 կՎտ ժամի ցերեկային սակագինը գործող 42 դրամից դարձնել 59 դրամ, գիշերայինը՝ 32 դրամից՝ 49 դրամ:

ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորման հիմքում ընկած է այն, որ այս ընկերությունը արդյունավետ չի կառավարվել, մեծ են եղել կորուստները և էլեկտրաէներգիայի գողությունները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ՀԷՑ-ի ներկայացրած հայտը հիմնավոր է համարել:

Նախաձեռնող խումբը իր ֆեյսբուքյան էջում սոցիալական ցանցերի օգտատերերին նույնպես կոչ է անում մասնակցել ակցիային, տարածել դրա մասին տեղեկությունները և մայիսի 25-ին ժամը 21:00-23:00-ին հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից:

ՀԷՑ-ի ճոխ ծախսերը մեկ տեսանյութում կարող եք դիտել այստեղ։