ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջոին գրել է.

«Սիրելի բարե-կամներ,
Ձեզ եմ գրում, բայց չմոռանանք, որ նաեւ չարե-կամներն են կարդում։ Դրանց արձագանքներից երեւում է, որ դրանք իսկապէս արժեքային համակարգի դէմ են կռիւ տալիս եւ աւելի յետեւողական են, քան ահաբեկիչները։
Այսօր երկու ջհել խօսում էին եւ անսքող յոյս յայտնում, որ Հայրիկեանի էջը փակուել է։ Մի հարցնող լինի, թէ այդ ինչ էջի մասին եք խոսում, երբ է այդ էջը բացուել, դուք ինչ կապ ունեք այդ էջի, նրա փակուելու ու Հայրիկեանի հետ… Բայց կրքոտ խօսում են, որ մտածես, թէ սրանք իրենց խակ մտքով փորձում են աւարտին հասցնել իրենց ձախողուած բոլշեւիկ տատիկ-պապիկների գործը եւ լրագրողական դաշտում տեռորիստութիւն անել։ Պարզ է, իրենց աշխատավարձ տուող իրենց տէրերի հրահանգն են կատարում, բայց մի դրանց խւսուածքին նայես, «կհիանաս» արտաբերած բառերի կույտով։ Աստուած իրենց հետ։ Այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել այս որոշումը.»:

Պարույր Հայրիկյանն իր էջում է տեղադրել նաև ՀՀ Կառավարության այն որոշումը, ըստ որի կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարարությանն է փոխանցվել 20.5 միլիոն դրամ գումար, որն էլ նախատեսված է եղել Պարույր Հայրիկյանի բուժումը արտասահմանում իրականացնելու համար:

Այնուհետև Հայրիկյանը շարունակում է.«Փաստաթղթից երեւում է, որ անձեռնմխելիութեամբ օժտուած սակայն այդ կարգավիճակում մահափորձի ենթարկուած անձին երկու ամիս բուժել փորձելուց եւ յաջողութեան չհասնելուց յետոյ են որոշել բուժումն արտերկրում կազմակերպել։

Ապազգային տարրին կատաղութեան հասցրած հատուածը՝ «…ավանդը Հայաստանի անկախացման գործում…» «Ինչպէս նաեւ» հաւելումով է միայն նշւում»: