«Ինտերնացիոնալե Միլանը», որ առավել հայտնի է «Ինտեր» անունով, իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա Ա-ում։
Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1908 թվականի մարտի 9-ին ՝ «Միլանի» 43 ֆուտբոլիստների կողմից, նկարիչ Ջորջիո Մուջանիի գլխավորությամբ, ով համարվում է թիմի պատկերանիշի հեղինակը։
Նոր ակումբի ստեղծողները պարզապես դժգոհ էին այն քաղաքականությունից, որ միլանյան թիմում չէին թողնում լեգեոներների։ Հեռանալով «Միլանից» ՝ նրանք բախում ունեցան, և դրա հետևանքով իրենք սկսեցին իրենց անվանել "D՝oro in lividi", որ թարգմանաբար նշանակում է «Ոսկե երիտասարդություն՝ կապտուկներով»։
1910 թվականին «Ինտերն» առաջին անգամ նվաճեց սկուդետտոն։ Այդ ժամանակ ակումբը մարզում էր թիմի ավագ Վիրջիլիո Ֆոսատտին։
Մարզական գործունեությունը վերսկսելուց հետո, որը դադարեցվել էր Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, 1920թ.«Ինտերը» կրկին հաղթում է Իտալիայի առաջնությունում։
1922 թ.-ին ակումբն ավարտեց մրցաշրջանը Սերիա Ա-ի B խմբում և ըստ կանոնակարգի պետք է լքեր Ա Սերիան, բայց "La Gazzetta dello Sport" թերթի գլխավոր խմբագիրը դիմեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի թիմը մնա Իտալիայի առաջնության էլիտայում՝ պատճառաբանելով, որ հակառակ դեպքում կվնասի իտալական ֆուտբոլի զարգացմանը։ Առաջնության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավարարեց այդ պահանջը։
Թիմն առաջին անգամ իտալական գավաթի հաղթող է ճանաչվել Ջուզեպպե Մեացցայի ղեկավարության տարիներին՝ 1938-39 թվականներին, ում պատվին էլ և անվանվել է միլանյան թիմի մարզադաշտը (հայտնի նաև Սան Սիրո անվանմամբ):
Միլանյան երկու թիմերի հանդիպումն իտալացիներն անվանում են «Դերբի Դելլա Մադոննինա», որը ֆուտբոլային աշխարհի կարևորագույն և հետաքրքիր դերբիներից մեկն է համարվում։ Յուվենտուսի հետ հանդիպումները իտալացիները անվանում են «Դերբի դե Իտալիա» (Իտալիայի դերբի)․ Կալչիոպոլիից հետո այդ հանդիպումը դարձել է ամենասկզբունքային հանդիպումներից մեկը Ապենինյան թերակղզում։