Բուռն քննարկումների առիթ դարձած էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը բողոքի ալիք է առաջացրել հասարակության շրջանակներում: «ՀԷՑ»-ը պատճառաբանում է սակագնի բարձրացումը կուտակված պարտքերով: Իսկ որքանո՞վ է տնտեսապես հիմնավորված այդ կուտակված պարտքը...

«Որևէ ձևով հիմնավորված չի կարող լինել, որովհետև առանց այդ էլ ՀԷՑ-ը շատ բարձր վրադիրներ է ունեցել, այսինքն, եթե միջինացված կարգով 23-24 դրամով է գնում հոսանքը արտադրող ընկերություններից և 42 դրամով վաճառում է, ապա գրեթե կրկնակի շահույթ է ստանում, իսկ դա բավականին պատկառելի գումար է և որևէ ձևով տնտեսական հիմնավորում չի կարող լինել և՛ առաջացած պարտքի հետ կապված, և՛ թանկացման հետ կապված»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

- Ես կարծում եմ այստեղ բացառապես կոռուպցիոն մեխանիզմներ են աշխատել: Կոռուպցիոն ռիսկեր միանշանակ կան, որովհետև այդ պարտքը մեկ օրում չէր կարող առաջանալ, ուստի և՛ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կանխեին նմանատիպ պարտքի առաջացումը: Եվ երկրորդ, ես կարծում եմ, որ բավական ստվերային քայլեր են կատարվել: Մենք տեսնում ենք այսօր անընդհատ հոսանք ենք գնում, նշանակում է միլիոնավոր դոլարները, որոնք իբրև թե բարեփոխումների համար են ծախսել, համակարգում չեն եղել: Տրանսֆորմատորների փոփոխություն, կաբելների փոփոխություն...մի խոսքով, այս ամբողջը խոշոր կոռուպցիոն իրավիճակ է, որը նորմալ երկրներում ամբողջական իշխանափոխությամբ է ավարտվում: Մեր նման երկրում, ցավոք սրտի, չեմ կարող ասել ինչով կավարտվի: 

Սակայն, տվյալ պարագայում գոյություն ո՞ւնի պարտքի ֆինանսավորման այլ տարբերակ...

- Տարբերակ է, որ ՀԷՑ-ը երկարատև աշխատի առանց կոռուպցիոն դրսևորումների, առանց հավելավճարների, պարգևավճարների, բարձր աշխատավարձերի ղեկավարներին ու փորձի այն գերշահույթները, որոնք առանց այդ էլ ստանում էին, օգտագործել պարտքը փակելու համար: Եվ գումարած դրան, իրավական կարգով նորմալ հետաքննություն անցկացնելով տեսնենք, թե այդ գումարները ինչպես են առաջացել և դրանք հետ վերադարձվեն այն խոշոր տնտեսվարողների կողմից որոնք չեն մուծում: