ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրեցին, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը հրաժարվում «Ավտոմատիկա գործարանից»՝ կառուցելով նորը, գրում է Tert.am-ը։
«Մենք բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք իրականացրել և Ավտոմատիկայի գործարանի խնդիրները վերախմբավորվել են, վերատեղափոխվել են Պատնեշ գործարան, որտեղ հնարավորություններն ավելի մեծ են, նաև գոյություն ունեցող շինությունները ավելի մեծ ու բարձր են»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ այնտեղ որոշակի չարաշահումներ են եղել, նաև համասեփականատեր անձ է եղել, ով մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը: «Ուզում եմ ձեզ հետ լինել, չեմ ուզում ձեզ հետ լինել, վաճառեք, հետո կառավարության որոշում ենք ընդունում, փոշմանում է, ասում է՝ չեմ գնում և այլն»,- նշեց նախարարը:
Դիտարկմանը, թե համասեփականատերն էլ փոխնախարար Ալեք Միրզաբեկյանին է մեղադրում կոռուպցիայի մեջ, նախարարը պատասխանեց, թե դա ճիշտ չէ:
«Քրեական գործը կապացուցի՝ ով է մեղավոր, ով՝ ոչ: Անձամբ ես մի քանի անգամ շփվել եմ, ինձ համար դյուրին չէ, երբ որ կառավարության ղեկավարությանը համոզում ես, որ պետք է գնել կազմակերպության 20%-ը, որը մասնավոր սեփականություն է, և այնուհետև սեփականատերը հրաժարվում է: Մենք այստեղ դուրս չենք եկել երեխայական խաղերի»,-ասաց նա: