«Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպիտի վճարի: Թե՛ գողության, թե՛ անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի միմիայն իր սպառած էլեկտրաէներգիայի համար, այնպես որ հարցը իրականում ուղղված է հենց այն հանձնաժողովին, որն իրավասու է բոլոր հարցերին անդրադարձ կատարել ու պատասխաններ տալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Իսկ թե ինչո՞ւ պետք է «ՀԷՑ»-ի տնօրենը Lexus մակնիշի ավտոմեքենա վարի, Հարությունյանը պատասխանեց.

«Հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ գնեցիք Lexus, բայց ես կհաշվեմ այն նույն ստանդարտը, որը ընդունված է պետական կառավարման մարմինների համար, և եթե ձեր Lexus-ը 100.000 է, ես կհաշվարկեմ մեքենայի ստանդարտ սակագնով, օրինակ՝ 12.000, եթե համադրենք ծախսերն ու սակագների հաստատումը, կտեսնենք իրական տարբերությունը»:

Հիշեցնենք նաև, որ YerevanNews.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասել էր. «Որևէ ձևով հիմնավորված չի կարող լինել, որովհետև առանց այդ էլ ՀԷՑ-ը շատ բարձր վրադիրներ է ունեցել, այսինքն, եթե միջինացված կարգով 23-24 դրամով է գնում հոսանքը արտադրող ընկերություններից և 42 դրամով վաճառում է, ապա գրեթե կրկնակի շահույթ է ստանում, իսկ դա բավականին պատկառելի գումար է և որևէ ձևով տնտեսական հիմնավորում չի կարող լինել և՛ առաջացած պարտքի հետ կապված, և՛ թանկացման հետ կապված»: