Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել էր Էջմիածին: Վերջինս ներկաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրենց ընդամենը մեկ շաբաթ է բաժանում «Նոր Հայաստանից»:

Անդրադառնալով կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Զատիկի տոնին արված կաթողիկոսի ելույթին, նշեց, որ երբ Վեհափառը հայտարարեց, որ թող ոչ մեկը իր սեփական ճշմարտությունը չպարտադրի ժողովրդին, նկատի ուներ Սերժ Սարգսյանին:

«Ես վստահ եմ, որ խոսում էր Սերժ Սարգսյանի մասին, որովհետև ժողովուրդն արդեն խոսել է ճշմարտության ճանապարհով»,-իր խոսքում ասաց Ր. Հովհաննիսյանը:

Վերջինս կոչ արեց Գարեգին Բ-ին, որ եկեղեցին պետությունից լինի անկախ և թույլ չտա, որ որևէ մեկը չարաշահի եկեղեցու սրբությունը:

« Խնդրում եմ, որպես ՀՀ քաղաքացի, որդիաբար, Վեհափառ Հայրապետ սուրբ դարպասներից այն կողմ եկեղեցին բարձր պահեք, զերծ պահեք և սուրբ երդում թույլ մի տվեք»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը: