Նորություն չէ, իհարկե, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցատկերը, հաղորդակցության դյուրացմանը զուգահեռ, նաեւ բարենպաստ իրավիճակ են ստեղծում հատուկ ծառայությունների համար:
Տվյալ դեպքում, առաջին հերթին պետք է նկատի ունենալ հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայություններին: Կարճ ասած, ամենասովորական դարձած սոցիալական ցանցերը հակառակորդի լրտեսների, գործակալների համար կարող են տեղեկություններ հավաքելու, որոշակի խնդիրներ լուծելու միջոց լինել:

Երեկ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը որոշակիորեն հենց դրան է վերաբեորում: Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնել է.

«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն եւ արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում եւ խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:

Այս անգամ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը եւ «Norik Margaryan»-ը, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու եւ նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կրկին իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսեւորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին եւ հերթական անգամ կոչ է անում՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»:
Պարզ ասած, «օդնոկլասնիկներում» ամեն մեկին «դռուժիտ» մի տվեք, ամեն իմացած բան սրան-նրան մի պատմեք, բացառապես վիրտուալ ծանոթների առաջ սրտներդ մի բացեք: Վերջում, կարող է, ադրբեջանական շպիոն դուրս գա, ու ինքներդ ձեզ լավ չզգաք, չհաշված մնացած հետեւանքները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ միայն «Օդնոկլասնիկիի» մասին է խոսվում, մինչդեռ կեղծ կամ ինչպես ընդունված է ասել՝ «ֆեյք» պրոֆիլներ կան նաեւ «Ֆեյսբուքում», միանգամայն հնարավոր է, որ նաեւ այլ սոցցանցերում: Դա մի առանձնակի բարդ խնդիր չէ՝ կեղծ պրոֆիլ բացելը:
Տարածված հաղորդագրություն-զգուշացման վերաբերյալ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, կարծում ենք, տեղին դիտարկում էր արել՝ իր «ֆեյսբուքյան» էջում մասնավորապես նկատելով, որ «ասվածը շատ հետաքրքիր է, բայց նման հայտարարության մեջ պետք է լինեն ակտիվ հղումներ պրոֆիլներին կամ սքրինշոթներ (այսինքն՝ կեղծ էջերի՝ լուսանկարի տեսքով ֆիքսված պատկերներ), որոնք թույլ կտան կոնկրետ նույնականացնել կեղծ պրոֆիլները»:
Նրա կարծիքով, առանց դրա, զուտ անուններ նշելով, կարող են հարվածի տակ հայտնվել բազմաթիվ այլ՝ նշվածների անուն-ազգանուններին նույնությամբ համընկնող տվյալներով քաղաքացիներ:

Մեր զրույցի ընթացքում Սամվել Մարտիրոսյանը նաեւ հավելեց. «Նմանատիպ հաղորդագրությունը պետք է կանխարգելիչ լինի, կարծում եմ։ Օրինակ, որ մնացածները, հանդիպելով այդ օգտատերերին, կարողանան զգուշանալ: Սակայն հաղորդագրությունը ոչ մի կերպ չի նկարագրում դրանց: Տալիս է միայն անուն-ազգանունները, ինչը էլ ավելի է խճճում իրավիճակը, քանի որ նման անուն-ազգանուն ունեն կամ կարող են ունենալ օրինապահ քաղաքացիները նույնպես, ու ստացվում է, որ հասարակական կասկածի ստվերը կարող է ընկել նաեւ հասարակ քաղաքացու վրա, որի «մեղքը» միայն նույն անուն ունենալն է»:
Տեղին է, իհարկե, դիտողությունը, բայց նաեւ մեր կողմից նկատենք, որ նման բացահայտումից հետո նշված անուն-ազգանուններով գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալացված հետախույզները կփակեն կամ կջնջեն այդ պրոֆիլները (եթե, իհարկե, հիմար չեն): Հա, ու կբացեն նորերը, հասկանալի է, հայկական այլ անուն-ազգանուններով:
Ինչեւէ: Այստեղ, կարծում ենք, էականը զգոնության թարմացումն է: Համենայն դեպս միշտ էլ արժե զգոն լինել: Ի վերջո, մարդկանց մեծ մասը իրականում փողոցում, տրանսպորտում առաջին հանդիպածին «կյանքը չի պատմում»: Մինչդեռ վիրտուալ տարածքում նման բաներ պատահում են եւ հաճախ:

Հասկանալի է, որ ոչ մեկը չի հորդորում կամ ցանկանում սահմանափակել մարդկանց շփվելու, հաղորդակցվելու ազատությունն ու հնարավորությունը, բայց ամեն դեպքում պետք է իմանալ, թե ում հետ ես հաղորդակցվում: 

Առավել եւս, վաղուց արդեն ժամանակն է, որ մեդիա գրագիտությունը հասնի գոնե այն «խաղամակարդակին», երբ մարդիկ առանց կողմնակի հուշումների էլ գիտեն, որ այս, այն եւ այն մյուս ինտերնետ «լրատվական» ռեսուրսը իրականում ադրբեջանական կայք է, որի խնդիրը հենց քայքայիչ-դիվերսիոն աշխատանքն է: Հետեւաբար, նախ, չարժե նման կայքերում զետեղված «ցնցող» տեղեկությունները, թութակի կամ «քսերոքսի» ապարատի տրամաբանությամբ, մեխանիկորեն տարածել՝ ակամայից դառնալով ադրբեջանական տեղեկատվական կամ քարոզչական դիվերսիայի գործիքը:

Օրինակ, նման ադրբեջանական ռեսուրսներից մեկը armenianreport.com կայքն է (այլ կայքեր էլ կան), որից հաճախ են «լուրեր» քաղում ու տարածում տարբեր հայ օգտատերեր՝ առանց խորամուխ լինելու, որ փաստորեն զբաղվում են ադրբեջանական քարոզչության տարածմամբ: Որպեսզի ոմանց ավելի հասկանալի լինի, դա գրեթե նույն բանն է, եթե սահմանը պահող, դիրքում կանգնած մեր զինվորի վրա թիկունքից կրակեն:
Եղեք աչալուրջ, առնվազն՝ լուրջ:

Արմեն Հակոբյան