Անդրադառնալով Պռոշյանի գյուղապետի սպանությանը` «ՀԺ»-ն գրել է. «Տարիներներ առաջ էլ այս գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաև անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է և քվեարկությունը ընթացել է խայտառակ խախտումներով` բազմակի քվեարկություններ, լցոնումներ և այլն: Բայց նույնիսկ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները զգալիորեն գերազանցել են Սերժ Սարգսյանի ստացած ձայներին: Տեսնելով սա` ձայների հաշվարկի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված ձայներով քվեաթերթիկները ուղղակի դրվել են Սերժ Սարգսյանի տրցակի վրա և վերջինս պաշտոնական արդյունքներով այդ գյուղում հաղթել է: Ըստ մամուլի հրապարակումների, կողմերի միջև կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել: Ինչ վերաբերում է սպանության կատարմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանաովող այն վարկածը, որ գործել Է պրոֆեսիոնալ մարդասպան: Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել: Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով: Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է: Մեր ունեցած տեղեկություններով գյուղապետին խոցած գնդակը եղել է 56 մմ տրամաչափի: Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով «ՏՕԶ» և «Ուրալ» տեսակի հրացաններն են: Ըստ իրավապահների նախնական դիտարկումների մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից: Հենց այդքան է կազմում «ՏՕԶ» և «Ուրալ» հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը: Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները: Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաև «ՍՎ 99», «ԲԻ-6», «Մի Չեթ-452», «Մարլին» և մի քանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում «ՏՕԶ»-ից և «Ուրալից», սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում: Թե ինչ զենքից են կրակել, և ինչ հեռավորությունից, թերևս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ: Սա ևս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից: Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է: Ըստ մեկ այլ վարկածի մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից: Մեր թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված: Ավելացնենք նաև, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների իրավապահները երեկվա ուշ երեկոյի դրությամբ դեռ ոչ մի «զացեպկա» չունեին»:
Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանությունից


