ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու և դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի 35-ամյա բնակիչը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առք ու վաճառքով և գործնական հարաբերություններ հաստատել Դուբայի «Դեյրա» թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով տղամարդը ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն ու վերջինիս 26-ամյա ընկերոջը։
Խմբի 2 անդամները 2014 թվականի հունվարին մեկնել են Դուբայ և բնակվել 35-ամյա երևանցու հետ՝ վերջինիս վարձակալած հյուրանոցային համարում։ Միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 35-ամյա տղամարդն իր հորեղբոր որդու հետ ընկերության գրասենյակում հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել ադամանդներ՝ պայմանավորվելով առք ու վաճառքի գործարքը կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան:
Ծրագրված հանցագործության հետքերը թաքցնելու, իրենց փախուստն արագ և անվտանգ կազմակերպելու նպատակով խմբի անդամները 2014թ. հունվարի 22-ի առավոտյան հանձնել են հյուրանոցի համարը և նույն օրը համար ամրագրել նշված «Դեյրա» թաղամասում գործող ոսկու առևտրի կենտրոնի մոտ գտնվող մեկ այլ հյուրանոցում։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 20:15-ին, կազմակերպված խմբի անդամներից 2-ը գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով:
Նախապես մշակված պլանի համաձայն՝ ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:
Քննության տվյալներով՝ առևտրի կենտրոնի շենքից նրանք դուրս են եկել ժամը 21:31-ին, հանդիպել հանցագործության դեպքի վայրից քիչ հեռու իրենց սպասող՝ խմբի երրորդ անդամին և նրան փոխանցել հափշտակած ադամանդները: Վերջինս ժամը 21:40-ին գնացել է հյուրանոց, հափշտակած ադամանդյա քարերը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու նպատակով լցրել տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ և տեղավորել 35-ամյա տղամարդու ճամպրուկի մեջ, ապա, վերցնելով ճամպրուկները, ժամը 21:55-ին հանձնել է հյուրանոցային համարը ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել հորեղբոր որդուն՝ 35-ամյա տղամարդուն, և իր ընկերոջը։
Խմբի անդամները Երևան են ժամանել 2014թ. հունվարի 23-ին` ժամը 10:26-ին, Դուբայ-Երևան թիվ 715 չվերթով։ Ադամանդների մի մասը հայտնաբերվել է Զվարթնոց մաքսատան մաքսային հսկողության գոտով անցկացնելու ժամանակ՝ 35-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ։
Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինների կողմից 2014 թվականին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2014 թ. հունվարի 22-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա հարձակվելու և սպանելու, ադամանդներ հափշտակելու մեղադրանքով ՀՀ երեք քաղաքացիներին հանձնելու վերաբերյալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի՝ 13.03.2014թ. որոշմամբ մերժվել է: Քրեական գործը հարուցվել և նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական մարմինների վարույթում։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ երեք քաղաքացու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					